Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին պետք է անձամբ հանդիպեն Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար, եւ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի, որ դա տեղի կունենա շուտով։ Նա ինքը պատրաստ է միջնորդ լինել այդ բանակցություններում, ասել է Ուիթքոֆը։
«Կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է»,- ասել է Ուիթքոֆը Զելենսկու եւ Պուտինի հանդիպման հնարավորության մասին՝ խաղաղ համաձայնագիրը քննարկելու համար: Դրանից հետո Կիեւն ու Մոսկվան հայտարարել են մայիսի 15-ին Ստամբուլում բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին։ Ուիթքոֆը հարցազրույցում նշել է, որ Թրամփը երկու կողմերին էլ վերջնագիր է ներկայացրել. եթե նրանք առաջընթաց չգրանցեն կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, ապա Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել միջնորդի իր դերից։ «Կարծում եմ, որ դա վատ արդյունք է բոլորի համար», – ասել է նա: «Դա վատ է եվրոպացիների, ուկրաինացիների համար, եւ ես չեմ կարծում, որ դա լավ է ռուսների համար: Կարծում եմ, որ ռուսներն իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում, եւ երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար: Մեր խնդիրն է նրանց մեկ սենյակում հավաքել եւ ցույց տալ, որ խաղաղության այլընտրանքները վատ արդյունք են բոլորի համար»:
Անհնար է համաձայնության գալ առանց Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների անձնական հանդիպման, նշել է Ուիթքոֆը. «Նրանք միմյանց չեն սիրում։ Մենք պետք է սա փոխենք։ Պետք է այնպես անել, որ բոլորը մտածեն, որ այս խնդրի լուծման պատասխանատու ճանապարհը դիվանագիտությունն է։ Եթե դա այն է, ինչ դուք, Ռուսաստանը, եւ Ուկրաինան եք ուզում, մենք ձեզ պետք է ֆիզիկապես ի մի բերենք մեկ սենյակում: Մենք առաջարկում ենք ուղիղ բանակցություններ վարել երկու կողմերի միջեւ որքան հնարավոր է շուտ»։ Ուիթքոֆի խոսքով՝ կան երեք հիմնական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն խաղաղ կարգավորման համար՝ փորձելով պարզել, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ փոխզիջման է պատրաստ գնալ: Դրանք են.
ուկրաինական հինգ շրջանները, որոնք վիճարկում են կողմերը (որոնցից երկուսը, ինչպես նշել է Ուիթքոֆը, Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ վերահսկում է, երեքը մասամբ գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ;
Զապորոժիեի ատոմակայանը, որը նա անվանել է «մարգարիտ»՝ հաշվի առնելով էներգիայի քանակությունը, որն այն կարող է արտադրել;
ծովային ուղիների հասանելիությունն Ուկրաինայի համար։
Նա ոչինչ չի ասել այն մասին, ինչ Պուտինն ու ռուս այլ պաշտոնյաներ բազմիցս ասել են. խաղաղություն հաստատելու համար պետք է լուծել հակամարտության «հիմնական պատճառները»: Դրանց տակ նրանք նկատի ունեն, մասնավորապես, Ուկրաինայի հորինված «դենացիֆիկացիան», ինչպես նաեւ նրա ապառազմականացումը, արեւմտյան երկրների հետ ռազմական դաշինքների արգելումը եւ ՆԱՏՕ հեռանալը Ռուսաստանի սահմաններից։ Բացի այդ, Ուկրաինայի համար ծովային երթուղիների հասանելիության ապահովման հարցը ներկայում օրակարգում չէ. նա այն լուծել է ինքնուրույն՝ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը դուրս քշելով դեպի ծովի արեւելյան հատված։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Դրանից հետեւում է, որ Ռուբիոն եւ Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը «շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցությունները հյուրընկալելու եւ աջակցելու համար, եւ ողջունել է կրակի անհապաղ դադարեցման հնարավորությունը»։ Բացի այդ, անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Անթալիայում մայիսի 14-15-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիեւի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին՝ առանց նախապայմանների։
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտնել էր. «սպասում ենք լավ լուրերի»։ Հիմա նա նստել է բազմոցին եւ սպասում է իր հաջողությանը»։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հակակոռուպցիոն կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացը։ «Ի՞նչ նոր բան կա խաղաղության օրակարգի թեմայով»,- չարախնդացել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելը եւ զրպարտելը։ «Յոթ տարի իշխանության լինելով՝ Դուք ձեր բնույթով մնացել եք նույնը, ինչ կայիք. ապակառուցողական եւ հայհոյախոսող ընդդիմություն»,- ասել է ընդդիմադիրը։
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարեւորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի եւ ասիական տարածաշրջանների միջեւ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության եւ աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։























