ԼՅՈՒԿԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն, ով նոյեմբերի 28-ից ձերբակալված էր Երեւանի դպրոցներից մեկում Սերժ Սարգսյանի նկարը ջարդելու մեղադրանքով,  երեկ երեկոյան ազատ է արձակվել:
Իսկ մինչ այդ` առավոտյան, Լյուկի կինը` ՀԱԿ անդամ Գայանե Վարդանյանը, ում եւս խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել` դպրոցում հակաիշխանական կոչեր անելու եւ հայհոյախոսելու համար, հանդիպելով ամուսնուն, նրան այնքան էլ լավ վիճակում չէր գտել: Երեկ վերջապես պետության կողմից բելգիացուն թարգմանիչ էր տրամադրվել:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին Լյուկին անհայտ «ծագման» փաստաբաններ էին տրամադրվել, որոնցից առաջինը, իր բուն պարտականությունը կատարելու` թարգմանելու փոխարեն, ինչ-որ անիմաստ հարցեր է տվել բելգիացուն, իսկ երկրորդն էլ ոստիկանություն է եկել ամուսինների դեմ մեղադրանք ներկայացրած թիվ 94 դպրոցի տնօրենի ուղեկցությամբ:
Ամուսինները դիմել էին Բելգիայի հյուպատոսություն (Գերմանիայի)` ահազանգելով, որ Լյուկը Հայաստանում ենթարկվում է ապօրինությունների եւ հետապնդումների: Երեւի դա է եղել պատճառը, որ Լյուկին երեկոյան բաց են թողել նույն պատճառաբանությամբ, որով չէին կալանավորվել նրա կնոջը` անչափահաս երեխաներին խնամելու անհրաժեշտության համար:




Լրահոս