ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Մարգարյանից (Բելաջիոյի Գրիշ) armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյո՞ք կցանկանա, որ ԲՀԿ-ն իշխանության մաս կազմի:
Պատգամավորն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել կուսակցության ղեկավարին:
«Եթե հարազատ կուսակցության ղեկավարը որոշում ընդունի մտնել կոալիցիայի մեջ, ես կուրախանամ, իսկ եթե որոշի չմտնել՝ ես չեմ տխրի»,- ասաց Գրիգորի Մարգարյանը:
Պատգամավորին նախ հիշեցրինք` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` «որոշ ԲՀԿ-ականներ, եթե այլ ձևաչափերով հնարավոր է ներգրավված լինեն կառավարությունում, ապա նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից» հայտարարությունը, ապա հետաքրքվեցինք` մե՞ծ է ԲՀԿ-ականների թիվը, որոնք ցանկանում են լինել իշխանության կազմում:
Ի պատասխան` պատգամավորն ասաց, որ անձամբ ինքը ցանկություն չունի զբաղեցնելու որևէ պաշտոն և 11 տարվա ընթացքում ցանկություն չի էլ ունեցել:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Գրիգորի Մարգարյանն ասաց, որ եթե խմբակցության քարտուղարը նման բան է ասել, ուրեմն դա կուսակցության տեսակետն է, որը Մարգարյանը ողջունում է:
-Պրն Մարգարյան, համաձա՞յն եք այն տեսակետին, թե հիմնականում իշխանության մաս փորձում է լինել ԲՀԿ-ի գործարար հատվածը:
-Ես նման ինֆորմացիա չունեմ: Հատ-հատ կարելի է նայել, թե խոսքն ո՞ւմ է վերաբերում: Ես կոնկրետ որևէ պաշտոնի հավակնություն չունեմ, նպատակներ էլ: Եթե ունենայի, ապա 11 տարվա ընթացքում ինչ-որ բանի կհասնեի:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
-Վերջին 20 տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է լուրջ պաշտոններ: Վերջին 5 տարում եղել է ԱԺ նախագահ, և ԱԺ-ի աշխատանքները շատ կազմակերպված են եղել: Ես, լինելով պատգամավոր, պետք է հիշեցնեմ`Հովիկ Աբրահամյանը եղել է իմ ղեկավարը, ու ես իր մասին միայն լավը կարող եմ ասել: Վստահ եմ` կանի ամեն ինչ, որ բարգավաճի Հայաստանը:
-Պրն Աբրահամյանը կշարունակի՞ Տիգրան Սարգսյանի գործունեությունը, թե՞ կտրուկ բարեփոխումներ կանի:
-Ես չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորը պետք է պատասխանի այդ հարցին: Կարծում եմ` Աբրահամյանի օրոք կբարելավվի երկրի վիճակը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց պատգամավորը, ինքը չի պատրաստվում հետևելու Դավիթ Քոչարյանի օրինակին, և դուրս գալ ԲՀԿ-ից:
Սոնա Դավթյան