ԱՄՆ-ի միանալը Իսրայելի հարվածներին «դժոխք» կառաջացնի ամբողջ տարածաշրջանի համար, BBC-ին ասել է Իրանի փոխարտգործնախարարը Սաիդ Խատիբզադեն ։
Խատիբզադեն հայտնել է, որ սա «Ամերիկայի պատերազմը չէ», և եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջամտի, նրան միշտ կհիշեն որպես «նախագահ, որը մտել է մի պատերազմի մեջ, որտեղ նա տեղ չունի»։
Նա ասել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը կվերածի հակամարտությունը «ճահճի»և կհետաձգի «դաժան վայրագությունների» ավարտը։
Հիշեցնեք, որ հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն անմիջականորեն կներգրավվի հակամարտության մեջ, թե ոչ ։
BBC-ի հետ զրույցում Խատիբզադեն պնդել է, որ «իհարկե, դիվանագիտորեն հարցը լուծելը առաջնային տարբերակն է», բայց քանի որ, դեռ ռմբակոծությունները շարունակվում են, «մենք չենք կարող որևէ բանակցություններ սկսել»։
Նա բազմիցս Իրանի հարձակումները Իսրայելի ուղղությամբ անվանել է «ինքնապաշտպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի» ։
Պատասխանելով Թրամփի բազմիցս արված այն մեկնաբանություններին, որ հակամարտությունը կարող էր կանխվել, եթե Իրանը ընդուներ միջուկային գործարքը, Խատիբզադեն ասել է, որ նրանք բանակցում էին այնքան ժամանակ, մինչև Իսրայելը «սաբոտաժի» ենթարկեց քննարկումները՝ Իրանի վրա հարձակումներ սկսելով։
«Մենք պլանավորում էինք միջուկային բանակցությունների վեցերորդ փուլն անցկացնել Մասկատում, և մենք իրականում համաձայնության հասնելու շեմին էինք», – հավելել է նա։
Հիշեցնեք, որ անցած ուրբաթ օրը Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը, հայտարարեց, որ Իրանը կուտակել է բավարար քանակությամբ ուրան՝ հարստացված մինչև 60% մաքրության, ինչը տեխնիկապես մոտ է միջուկային ռումբեր պատրաստելու համար նախատեսված տոկոսին։
«Սա անհեթեթություն է», – ի պատասխան ասաց Խատիբզադեն։ «Դուք չեք կարող պատերազմ սկսել ենթադրությունների կամ մտադրության հիման վրա:Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք ունենալ, մենք այն շատ ավելի վաղ կունենայինք»- հավելել է նա։
Անի Վարդանյան























