Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ քննարկելու համատեղ ջանքերը ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները:
Երկուշաբթի օրը Մոսկվա ժամանելիս լրագրողների հետ զրույցում Արաղչին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը միշտ համագործակցել են, խորհրդակցել միմյանց հետ և համակարգել իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ:
«Ներկայիս տարածաշրջանային պայմաններում անհրաժեշտ է, որ Իրանն ու Ռուսաստանը որդեգրեն ավելի զգույշ, ավելի լուրջ և ավելի սերտ դիրքորոշումներ», – ընդգծել է նա:
Դատապարտելով Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածները ՝ Արաղչին գովեստի խոսքեր է հղել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի հարվածները ամենախիստ ձևով դատապարտելու համար:
«Ներկայիս պայմաններում, երբ միջազգային համակարգը վտանգված է, Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները չափազանց կարևոր են», – նշել է նախարարը: «Մենք կփորձենք համակարգել մեր դիրքորոշումները»:
Արտգործնախարարը հայտնել է, որ թեև իր այցը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իրանի դեմ իսրայելական ռեժիմի ագրեսիայի և տարածաշրջանային այլ սպառնալիքների շուրջ բանակցելու համար նախապես պլանավորված էր, սակայն այժմ քննարկումները կներառեն ավելի լայն շրջանակ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հարվածները Իրանին:
«Իրանն ու Ռուսաստանը ունեն ընդհանուր մտահոգություններ և ընդհանուր թշնամիներ», – ավելացրել է Արաղչին՝ նշելով, որ երկու երկրները միշտ սերտ խորհրդակցություններ են անցկացնում և համագործակցում են սպառնալիքների դեմ պայքարում:
Անի Վարդանյան
























