Միտումնավոր սնանկացում. 1 մլն դոլարով պակասել են ՀԷՑ-ի հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս անցյալ տարվա հուլիս ամսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշում ընդունեց, որով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 27 տոկոսով` կազմելով 38 դրամ` 1 կվ/ժ-ի դիմաց:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո թվում էր, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կլուծի իր ֆինանսական խնդիրները, սակայն տեղի ունեցավ հակառակը` ՀԷՑ-ը հայտնվեց ֆինանսական բարդ իրավիճակում: Ընկերությունն անգամ այս մասին տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն որևէ արդյունքի չի հասել:

Armlur.am-ը մի քանի անգամ փորձեց կապվել ՀԷՑ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Ավելին, մենք կապվեցինք ՀԷՑ խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանի հետ, ում գլխավորությամբ ամիսներ առաջ կազմակերպվում էին բողոքի ակցիաներ` ընդդեմ ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի:

Բանն այն է, որ վերջինս ցանկանում էր փակել այս դեպարտամենտը: Մեր հարցերին չցանկացավ պատասխանել նաև Ռաֆիկ Ասկարյանը` պատասխանելով. «Կներեք, զբաղված ենք, շատ խառն ենք»:

Ելնելով շրջանառվող լուրերից և ՀԷՑ-ի լռությունից` պարզ է դառնում, որ ամիսներ առաջ շրջանառվող լուրերը, թե ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի բաշխիչ ցանցերը» մտադրություն ունեն գնել ռուսական էներգետիկ հսկաներից «Գազպրոմը» կամ «Ռոսնեֆտը», համապատասխանում է իրականությանը, իսկ դա իրականացնելու լավագույն տարբերակը ընկերությունը սնանկ հայտարարելն է, որից հետո այն հեշտությամբ հնարավոր կլինի վաճառել, ինչպես արվում է նման դեպքերում:

Բացի այդ, ՀԷՑ-ը, լինելով խոշոր հարկատու (հարկատուների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը), նվազեցրել է իր հարկերի վճարումը 400 մլն դրամով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալներով ՀԷՑ-ի հարկերի վճարումը նվազել է մոտ մեկ մլն ամերիկյան դոլարով:

Թերևս այս թիվն էլ վերջնականապես պարզ է դարձնում, թե ինչի հետ է կապված ՀԷՑ-ի շուրջ ստեղծված աղմուկը:

Հավելենք նաև, որ այժմ ՀԷՑ-ը սպասարկում է մոտ 935 հազար սպառողի:

Անուշ Ամիրբեկյան




Լրահոս