Armenian text to speach

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՉԷ». ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը գործարար Սամվել Կարապետյանի՝ կալանավայրից հրապարակված հայտարարության վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Կարապետյանը հայտարարել էր, թե «Ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»:

-Տիկի՛ն Հակոբյան, Սամվել Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, եւ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել գաղափարակից ուժերի հետ, Ձեր թիմը ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարությանը։

-Սամվել Կարապետյանը նախ թող հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, նոր այստեղ քաղաքական ակտիվություն ցույց տա եւ իրավական համակարգի հետ լուծի իր խնդիրները: Ինչ վերաբերում է նոր ուժ ստեղծելուն. մեր հանրապետությունում կա՞ն արդյոք այդպիսի քաղաքական նոր միավորներ, որ նոր ուժ ստեղծել կարողանան:

Անլուրջ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, որովհետեւ այսօրվա ընդդիմությունը 90 տոկոսից ավելին նախկին իշխանությունն է` տրոհված, որոնք ժամանակին գրավել էին հանրության դաշտը, հիմա էլ ընդդիմության դաշտն են գրավել եւ նոր ուժեր չեն կարողանում ի հայտ գալ: Այնպես որ նրա ստեղծած նոր ուժը պետք է լինի նախկին իշխանության մնացուկը. թո՛ղ ստեղծի:

Հիմա մեզ համար ի՞նչ տարբերություն՝ Սամվել Կարապետյանը իրենց կմիավորի, թե իրենք նախկինի նման կգան, թե կտրոհվեն, 10 ուժով կգան այդ երկու կուսակցությունները:

-Տիկի՛ն Հակոբյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր թիմը շատ մտահոգված է Կարապետյանի այս հայտարարության վերաբերյալ, քանի որ հուլիսի 4-ին կայացած մեծ քայլերթի ժամանակ ակնհայտ երեւում էր, որ հանրությունը համախմբվում է Կարապետյանների շուրջ:

-Դուք նման ազդակներ զգացե՞լ եք, հիմա իմ խոսելուց այդպե՞ս է երեւում: Մենք հուլիսի 4-ին չենք տեսել մարդկանց համախմբում, մենք տեսել ենք, որ Հայաստանի տարբեր հատվածներից Սամվել Կարապետյանի բիզնեսի աշխատողներին ստիպողաբար բերել են, եւ այդ մարդիկ մեզ էլ են ահազանգել: Բազմաթիվ հարցազրույցներ ենք տեսել նաեւ, որի ընթացքում մարդիկ անգամ չգիտեին՝ իրենք ուր են եկել, ով է այդ մարդը որի համար եկել են, ինչ են պահանջում, ու ես ձեզ ավելին ասեմ՝ մարդկանց նման ձեւով վերաբերվելը միայն ավելացնում է ատելությունը այդ նախկին մնացուկների հանդեպ: Դա կարող է անհանգստացնել միայն այն դրվագով, որ մեր քաղաքացիներին էլի գլորեն ու գցեն այն նույն տեղը, որտեղից 2018 թվականին դուրս են եկել այդ մարդիկ. դա կարող եմ ասել:

Ոչ մի անհանգստություն չկա մեզանում, բացարձակապես, մենք անգամ քաղաքական ժողով ենք ունեցել վերջերս Գորիսում, եւ մի բառ անգամ դրա վերաբերյալ չենք քննարկել. դա մեզ համար գոյություն չունեցող օրակարգ է:

-Տիկի՛ն Հակոբյան, ըստ մեր աղբյուրների՝ իշխանության հաշվարկով, եթե Սամվել Կարապետյանին կալանավորեն, նրա թիմից մի քանի անդամների ճնշեն, նրանց ընտանիքների բիզնեսներում, ճնշումներ ու ստուգումներ իրականացնեն, ապա Կարապետյանը «կհանձնվի» ու չի շարունակի քաղաքական պրոցեսներում ներգրավվել: Սակայն այս հավաքը ցույց տվեց, որ կարող են համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, եւ կծավալվի այս գործընթացը:

-Համաձայն չեմ, սա հուշում է, որ Հայաստանի բոլոր մարզերից, Սամվել Կարապետյանի բոլոր բիզնեսներից մարդկանց ստիպողաբար ավտոբուսներով հավաքել եւ բերել են այդ ակցիային: Մեզ հենց դա է անհանգստացնում. քաղաքացիների կամքին հակառակ՝ նրանց բերել էին, այդ շապիկներն ու գլխարկները հագցրել եւ ասել էին՝ այս պաստառները բռնած կանգնեք:

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 




Լրահոս