ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 10-օրյա ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել, թեև, ըստ նրա, դրանք կարող են լուրջ ազդեցություն չունենալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանելու։ Չգիտեմ՝ պատժամիջոցները անհանգստացնում են նրան (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին)։Բայց գիտեք, նրանք պատժամիջոցների մասին գիտեն։ Չգիտեմ՝ դա որևէ ազդեցություն կունենա, բայց մենք դա անելու ենք», – ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է. «Բայց սա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Սա պատերազմ է, որը չէր լինի, եթե ես նախագահ լինեի։ Սա հիմար պատերազմ էր, մենք չպետք է ներգրավվեինք»։
Ավելի վաղ Թրամփը 50-օրյա վերջնաժամկետ էր սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու համար, որից հետո խոստացել էր 100% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Երկուշաբթի օրը նա հայտնել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացի առաջընթացից և վերջնաժամկետը կրճատել էր մինչև 10-12 օր։ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է խաղաղ համաձայնության հասնեն մինչև օգոստոսի 8-ը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ Ջոն Քելլին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը ուշադրությամբ հետևում է Թրամփի հայտարարություններին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



















































































