«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վերջին ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Մենք տեղեկություններ էինք ստացել, որ Վանեցյանը վերջերս հանդիպել է անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչների հետ: Ըստ տեղեկությունների՝ առաջիկա ընտրություններին նրանք եւս լինելու են «Հայրենիք» կուսակցության շարքերում, որին «Հայրենիք»-ը կմասնակցի միայնակ: Թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակում ներառել նախկին ՕԵԿ-ականների, որոնք նաեւ պատգամավորներ են եղել, փորձեցինք ճշտել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանից:
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարծում ենք՝ հանրության համար որոշակի չափով տեսանելի են նաեւ կուսակցության կազմակերպական աշխատանքների իրականացումը եւ կուսակցական կառույցների աշխարհագրության ընդլայնումը։
Այս գործընթացում «Հայրենիք» կուսակցությանն են անդամագրվում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, մի շարք քաղաքացիներ էլ, հայտնելով իրենց աջակցությունը, պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու կուսակցական-քարոզչական աշխատանքներին։ «Հայրենիք»-ի թիմի մեծացման գործում մեզ համար երբեք չեն եղել ի սկզբանե դրված խտրական արգելքներ՝ քաղաքացու՝ ժամանակին այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական հոսանքին հարելու հիմքով, եթե, իհարկե, տվյալ անձի հետ ընդհանուր առմամբ առկա է համաձայնություն կուսակցության քաղաքական կողմնորոշման, սկզբունքների, գաղափարների վերաբերյալ, եւ կա որոշակի փոխադարձություն հայտնվող տեսակետների ազնվության հարցում։
Վերը նշվածով՝ Ձեր կողմից բարձրացված հարցին անդրադարձանք առավել ընդհանրական եղանակով: Այնուամենայնիվ, Ձեր հարցին առավել որոշակիությամբ պատասխանել չենք կարող, քանի որ «Հայրենիք» կուսակցությունում այս պահի դրությամբ նախընտրական որեւէ ցուցակի եւ դրանցում անձանց ներգրավվածության հարցեր չեն քննարկվում։
Առհասարակ, նախընտրական ցուցակը կազմվելու է որոշակի չափանիշների հիման վրա, որոնցից կլինի նաեւ կոնկրետ անձի կատարած աշխատանքը, ջանքերի ներդրումը կուսակցության նպատակների իրագործման հարցերում։ Հետեւաբար, այս պահին կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ աջակցության խոսքեր հայտնելը, միջոցառումներին ներկա գտնվելը, կուսակցությանն անդամագրվելը ինքնին խիստ անբավարար քայլեր են «Հայրենիք»-ի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնելու համար», – նշեց Հակոբյանը:
30 տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայելուց հետո՝ 2023 թվականին Կոլյա Միքաելյանը ստանձնել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Համակարգը լքելուց հետո սա Միքաելյանի առաջին պաշտոնն էր։ Կոլյա Միքաելյանը ամենաստվերային մարզպետն է, ում հաճախ չէ, որ կարող ենք տեսնել մամուլի հրապարակումներում կամ ելույթներ ունենալիս։ Նա ԱԱԾ պահեստազորի գնդապետ է։ Պարգեւատրվել է ՀՀ ԱԱԾ եւ ՊՆ պատվոգրերով, կրծքանշաններով եւ շքանշաններով։ 1995 թվականին անցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ-ական մարզպետը: Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Կոլյա Միքաելյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս Վայք համայնքում։ Գույքերը ձեռք են բերվել 2005 թվականին։ Միքաելյանը 2024 թվականի տարեսկզբին հայտարարագրել է VAZ մակնիշի մեկ մեքենա, տարվա ընթացքում ձեռք է բերել նաեւ LEXUS մակնիշի մեքենա, որն արժեցել է 12 մլն դրամ։ Միքաելյանը տվյալ տարվա ընթացքում օտարել է HYUNDAI մակնիշի մեքենան, որը իր հայտարարագրում մինչ այդ առկա չի եղել. վաճառել է այն 3 մլն դրամով։ Տարեվերջին Միքաելյանն ունեցել է երկու՝ VAZ եւ LEXUS մակնիշի մեքենաներ։ Մարզպետի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,2 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 950 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4,5 մլն դրամ։ Գնդապետ մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Իրավապահ համակարգում այսօր՝ վաղ առավոտից, հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, եւ զգոնությունը առավել կենտրոնացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայր տանող ճանապարհի վրա ու դատարանում պահել զգոնություն, իսկ ողջ տարածքում՝ իրականացնել ուժեղացված ծառայություն։ Բանն այն է, որ այսօր Կենտրոնի նստավայր են բերելու «Հեղաշրջման պլանի» քրեական գործով կալանավորված 17 անձանց, որոնց մեջ է Բագրատ Սրբազանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ այլ անձինք։ Ասել է թե՝ իրավապահ համակարգը այսօր՝ օրվա երկրորդ կեսից, ուժերը կկենտրոնացնի Կենտրոնի դատարանի շուրջ:
Հայրենի իշխանությունները տոնական տրամադրության մեջ են: Իշխանական էլիտայում բոլորը ցնծում են՝ կարծելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը իրենց իշխանությունների հաղթանակն է, ու իրենք «պարզերես» կարող են դուրս գալ փողոց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին վստահեցրել է, որ իրենք հանրության շրջանում արդեն դրական ցուցանիշ ցույց տալու փաստաթուղթ-արդյունք ունեն, ուստի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու կապակցությամբ այլեւս խնդիր չունեն: Նաեւ վստահեցրել է, որ ապագան շատ ավելի լավ է լինելու, ու այդ թեզերը իշխանականները պետք է անդադար կրկնեն, տարածեն հանրության շրջանում: Եվ քանի որ հիմա ՔՊ-ականները վարչության անդամ դառնալու քարոզարշավ են իրականացնում, ամենուր հիացած պատմում են, որ ՀՀ-ն ապագայում դրախտ է դառնալու: Կարճ ասած՝ իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են:



















































































