Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։
Հայցը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին։ Նազարյանը պնդում է, որ իր կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, եւ պահանջում է ճանաչել իր եւ ՆԳՆ-ի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունը՝ նշված զենքը անժամկետ, առանց մալելու իրավունքով պահելու եւ կրելու մասով։
Հետաքրքիր է, որ Նազարյանը տարիներ առաջ քաղաքական դաշտում հայտնվել էր ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության կազմած «ՄԵՆՔ» դաշինքի ցուցակով՝ 2018-ին առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու։
ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահ, տարբեր աղմկահարույց քրեական գործերով անցնող Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, հայտնվել է նոր դատական վեճի կենտրոնում։ Նա դատարան է ներկայացրել հայց «ՀՈՄ ՇԻՆ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել շուրջ 3 միլիոն դրամ՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Բացի դրանից, պահանջվում է վերադարձնել նաեւ 60 հազար դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ հաշվարկել տոկոսները մինչեւ գումարի ամբողջական վճարումը։ Հատկանշական է, որ «ՀՈՄ ՇԻՆ»-ի սեփականատերը հայտնի բիզնեսմեն Միհրան Հարությունյանն է, որի անունը եւս բազմիցս հնչել է շինարարական ոլորտի խոշոր նախագծերի ու վիճահարույց պայմանագրերի համատեքստում։ Այսպիսով՝ դատական դահլիճում միմյանց դեմ դուրս են եկել երկու ազդեցիկ անուններ. Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչը՝ որպես հայցվոր, եւ շինարարական բիզնեսի տիրույթում ակտիվ դեր ունեցող Հարությունյանը՝ որպես պատասխանող կողմ։ Գործը քննվելու է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգով, եւ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք դատարանը կհաստատի Խաչատրյանի պահանջները։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»: Մենք տեղեկացանք, որ 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել: Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի դիմանա» այդ պաշտոնին: Բայց քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել այդ պաշտոնում որեւէ մեկին գտնել, Փաշինյանը միայնակ որոշում է կայացրել Արեն Մկրտչյանին մարզպետ նշանակել: Իսկ Մկրտչյանն էլ, որ հարազատ Ալավերդիում խայտառակ պարտություն կրեց՝ չընտրվելով քաղաքապետ, վերջին ժամանակներս ամեն բան անում էր Փաշինյանին ապացուցելու իր հավատարմությունը` անդադար քննադատելով ընդդիմադիրներին: Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվեց, ինչից հետո ՔՊ-ում կադր չէին գտնում:
Հայտնի գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը գույքային բարելավում է գրանցել 2024 թվականին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, որոնցից է Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գաղտնալսման գործը։ Նա այն դատավորն է, որը պետք է կալանք նշանակեր ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ այն դատավորը, որ «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց կալանքի փոփոխման բոլոր միջնորդությունները մերժեց։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոցներ Մարգարյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 638 հազար 253 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 14 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 42 մլն 608 հազար դրամ, որից 14 մլն 693 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 3 մլն 509 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, իսկ 24 մլն 406 հազար դրամը վարկ է «Արդշինբանկ»-ից։ Վաչե Մարգարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 502 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Դատավորը վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 926 հազար դրամ։























