Նիկոլ Փաշինյանն այցելել է N71 դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ այցելեցի Երեւանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, եւ արձանագրեցի հետեւյալ աղաղակող փաստերը.

1. Ս/թ ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը ստորագրել է հրաման հետեւյալ բովանդակությամբ. «2014թ. ապրիլի 9-ի դրությամբ 6Բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6Բ-րդ դասարանը համարել փակված»:

2. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ասվում է. «…պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Գ. Դեմիրյանը չկարողացավ պատասխանել իմ հարցին, թե ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է իրեն վերապահված դասարանը փակված համարելու լիազորություն: Այս հարցի պատասխանը չուներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

3. Վերը նշված հրամանի ստորագրման հետեւանքով կոպտորեն ոտնահարվել են 6Բ դասարանում մնացած միակ աշակերտ Հարություն Ղազարյանի իրավունքները: Գայանե Դեմիրյանին ուղիղ հարցրի, թե արդյոք այդ հրամանի ստորագրումից հետո Հարություն Ղազարյանը համարվում է թիվ 71 դպրոցի աշակերտ: Նա միանշանակ դրական պատասխան տվեց: Այդ դեպքում ո՞ր դասարանի աշակերտ է Հարությունը. այս հարցին տիկին Դեմիրյանը չուներ պատասխան: Հաջորդ հարցին, որ եթե Հարությունը վաղը առավոտյան ժամը 8.30-ին ներկայանա դպրոց, ո՞ր դասարանում պետք է կրթություն ստանա, Դեմիրյանը նույնպես պատասխան չուներ (վերջին տասն օրերին Հարությունը դպրոց չի հաճախում՝ առողջական խնդրի պատճառով):

 

4. Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձեւով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:

Այսպիսով, թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա  ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները  6Բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, եւ պետք է արժանանա համապատասխան գնահատականների:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Հ.Գ. Այս թեմային չէի անդրադառնում, հույս ունենալով, որ հանրակրթական համակարգն ի զորու կլինի լուծել իր «ներքին» խնդիրը: Ստեղծված իրավիճակում սակայն, որպես ԱԺ պատգամավոր պարտավորված եմ համարում դիրքորոշում արտահայտել երեխայի նկատմամբ պետական համակարգի հարուցած ապօրինության մասին: Ընդ որում, ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել նախկին համադասարանցի երեխաների ծնողների դիրքորոշումները. այս կամ այն դիրքորոշում ունենալը նրանցից յուրաքանչյուրի անօտարելի իրավունքն է: Ուղղակիորեն դատապարտում եմ, սակայն, այն փաստը, որ պետական հանրակրթական համակարգը ապօրինության սլաքներն ուղղել է 6-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի դեմ:




Լրահոս