Armenian text to speach

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ՝ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՄԵԶ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԿՈՂՄՆԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին։ Երեկ կայացած մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, որը նորաստեղծ շարժման վերաբերյալ Թաթոյանին ուղղեց երկու հիմնական հարց։

 

-Պարո՛ն Թաթոյան, երբ հայտարարեցիք ձեր քաղաքական հայտի մասին, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը դրական արձագանք չտվեցին։ Սպասելի՞ էր նման վերաբերմունք հատկապես ընդդիմության կողմից։ Բացի դրանից, Հայաստանում կարծես արդեն ավանդույթ է դարձել՝ նոր քաղաքական դեմքի հայտնվելու դեպքում նրան կապել տարբեր խմբերի կամ «նախկինների» հետ։ Ձեզ ո՞ր անունների հետ են կապում, ո՞վ է Ձեր «հովանավորը» քաղաքական դաշտում։

 

-Ես վեց տարի զբաղեցրել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Այդ ընթացքում թե՛ նախորդ իշխանությունների, թե՛ հատկապես այսօրվա իշխանության օրոք մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ։ Պարզապես ներկայիս իշխանության ժամանակ այդ խնդիրները դարձել են ավելի սուր։ Բայց ինձ երբեք չեն կարողացել կանգնեցնել, եւ նույնն էլ հիմա է։ Ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ եթե համոզված եմ՝ որեւէ գործողություն ճիշտ եւ անհրաժեշտ է, անպայման տանում եմ այն մինչեւ վերջ։ Կողմնակի խոսակցությունները երբեք չեն կարող խանգարել իմ գործին։

 

Այո՛, մենք միշտ էլ հանդիպել ենք խոչընդոտների, բայց դրանք մեզ չեն կանգնեցրել։ Թիմակիցներիս հետ վստահ ենք, որ մեր նախաձեռնությունն անհրաժեշտ է Հայաստանին։ Մենք անում ենք այն, ինչ պետք է մեր երկրի այս ծանր վիճակից դուրս գալու համար։ Այդ պատճառով որեւէ արձագանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Եթե լինեն արձագանքներ, որոնք կնպաստեն մեր երկրի խնդիրների լուծմանը, մենք, իհարկե, պատրաստ ենք ընդունել եւ համագործակցել։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են մեր «թիկունքում», պետք է ասեմ, որ հենց այդ թյուրըմբռնումներն են մեզ մղել նաեւ այս գործընթացը սկսելու։ Գիտենք, որ անկախ մեր քայլերից՝ միշտ էլ կլինեն խոսակցություններ, թե իբր ինչ-որ մեկի «նախագիծն» ենք։ Բայց մենք պատրաստ ենք այդ ամենին, որովհետեւ ուզում ենք մեկընդմիշտ փակել նման պիտակավորման թեման։ Այդ «նախագծերի» մասին խոսակցությունները պարզապես իշխանության կողմից արհեստականորեն ձեւավորված օրակարգ են՝ հասարակությանը հիասթափության եւ անվստահության մեջ պահելու համար։ Եթե մենք չկարողանանք այդ մտածելակերպը հաղթահարել, համոզված եղեք՝ տասը տարի անց էլ նույնն են ասելու։ Մեր շարժման նպատակներից մեկն էլ հենց այդ սխալ ընկալումը կոտրելն է։

 

-Իսկ ո՞վ է ֆինանսավորում ձեր քաղաքական գործունեությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի դեպքում, գուցե երբեմն կեղծ, բայց դրամահավաքներն ու անդամավճարները բաց են եւ հրապարակային։ Ձեր դեպքում ի՞նչ սկզբունքով է իրականացվում ֆինանսավորումը։

 

-Իմ գործունեությունը միշտ էլ ֆինանսավորվել է մեր հայրենակիցների ներդրումներով։ Այդտեղ որեւէ գաղտնի բան չկա։ Ֆինանսական աջակցությունը կարող են ցուցաբերել թե՛ իմ ընկերները, թե՛ մարդիկ, որոնց ես անձամբ չեմ ճանաչում։ Նույնն է նաեւ այս նախաձեռնության դեպքում։ Չկա որեւէ մեծահարուստ, որը վերցրել է ամբողջ ֆինանսավորումն իր վրա եւ մեզ «թելադրում» է, թե ինչ պետք է անենք։

 

Ես բնույթով ինքնուրույն որոշումներ կայացնող մարդ եմ։ Բնականաբար խորհրդակցում եմ գործընկերներիս ու թիմի անդամների հետ, սակայն ինքս երբեք չէի հանդուրժի, որ մեր գործունեության մեջ լինեին քողարկված կամ գաղտնի գործընթացներ։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար եւ պատրաստ ենք թափանցիկ աշխատել հասարակության հետ։

 

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս