Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Նադեժդա Սարգսյանը կդառնար 71 տարեկան: Կյանքի ամենաերկար տարիները երգչուհին նվիրել է բեմին, արվեստին, երաժշտությանը, սերունդներ կրթելուն եւ հայկական շոու-բիզնեսը զարգացնելուն:
Նադեժդա Սարգսյանին պատանեկության տարիներին արգելել էին բեմ բարձրանալ, քանի որ ընտանիքի անդամները բավականին խիստ էին ու ավանդապաշտ, սակայն երգչուհու ձիրքը կոտրեց կարծրատիպերը:
1971 թվականին նա ընդունվել ու ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, որից հետո ուսանել է նաեւ Մոսկվայի Թատերական ինստիտուտում: Նադեժդան սկզբում ցանկանում էր դառնալ դերասանուհի: Սակայն կայնքի ընթացքը նրան տարավ դեպի երգարվեստ: 9 տարի շարունակ նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար:
Հենց Նադեժդա Սարգսյանն էր «Հայեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որից, հատկապես, ճանաչում ձեռք բերեց նրա դուստրը՝ երգչուհի Էմմին: Նադեժդա Սարգսյանը չէր մոռանում երիտասարդ տաղանդների մասին եւ, թերեւս, հենց այդ պատճառով էլ նա հիմնել էր «Դո-ռե-մի» մրցույթը, որի միջոցով շատ ու շատ երեխաներ կարողացան ցույց տալ իրեց երաժշտական ունակությունները:
Նա եղել է նաեւ բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր, ինչպես օրինակ՝ «Երկու աստղ», «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր:
Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցների ընթացքում բազմիցս խոսել էր այն մասին, որ բժշկի էր դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով: Նադեժդա Սարգսյանը մահացել է 2018 թվականի հուլիս 2-ին:
























