«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել: Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:
Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մինչեւ հիմա ոչ մի կարգավիճակ չունի այս գործի շրջանակում: Նա անգամ վկա չէ: Մինչդեռ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց:
Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ:
14 մլն դրամ,32 հազար դոլար,7 հազար եվրո․ ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարը
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։
Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն էր ստացել 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը նախորդ տարի վաճառել է 6,6 մլն դրամով։ Ումից է մոտ 7 մլն դրամանոց նվեր ստավել՝ պարզ չէ:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 377 հազար դրամ։ Առաքելյանը նաեւ ունի կրիպտոարժույթներ՝ 6,474 FTN։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է թե ինչ եղանակով է վաստակել այս գումարները Առաքելյանը։ Դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարագրել:
Տեղեկացնենք, որ Առաքելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 76 հազար դրամ, որից 15 մլն 376 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 6,6 մլն դրամը մեքենայի վաճառքից ստացված եկամուտն է, իսկ ընդամենը 100 հազար դրամը «այլ եկամուտ» է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
2024 թվականին Առաքելյանը միանվագ ծախսել է 15,5 հազար դոլար: Ինչ է առել՝ դարձյալ թաքցնում է:
Դավիթ Առաքելյանը, լինելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք, որ շուրջ 9 ամիս է, ինչ ՀՀ Քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ Քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են ոստիկանության Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով:
Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը. նրանք բոլորը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը կոնկրետ անուններ էր տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը՝ ենթադրաբար հրահանգներ տալով:
ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը ենթադրապես տվել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից։
Կասկադի վերակառուցման ծրագիրը հաստատվեց. Ավինյանի իմիջը փոխվում է
Երեկ կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված: Կձեւավորվի մշակութային նոր հանգույց՝ շուրջ 30 հզ քառ. մետր տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4.5 հա տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը:
Տիգրան Ավինյանը նշեց նաեւ, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է, ու գործը տեղից չի շարժվել. այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել: Վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցել են բազմաթիվ հայ ճարտարապետներ իրենց նախագծերով, սակայն երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ որոշել հաղթողին: Քվեարկության են դրվել երկու նախագծեր՝ մեկը վերոնշյալ նյույորքյան ընկերության, իսկ մյուսը ֆրանսիական ընկերության կողմից առաջարկված նախագծերը: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրորդը՝ ֆրանսիականը, որն էլ քաղաքապետարանի կողմից վերցվել է որպես էսքիզային տարբերակ, ու հայտարարվել է մրցույթ, որի պահանջներից է եղել արդեն իսկ նշված համերգասրահի, թանգարանի ու մյուս կառույցների պարտադիր ներառումը ու դրանց սեփականության իրավունքով քաղաքային իշխանություններին հանձնելը, ինչի դիմաց հատկացվել է 4.5 հեկտարի չափով հարակից տարածք կառուցապատման համար: Ըստ քաղաքապետի՝ նվազագույն ներդրումային չափն իրենց կողմից առաջարկված է եղել 13 մլրդ դրամը, սակայն հաղթող ընկերությունն առաջարկել է կենտրոնական հատվածի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, բացի դրանից՝ կառուցապատողը Երեւանի քաղաքապետարանին վճարելու է 10 մլրդ 449 մլն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, նաեւ իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետն իր խոսքում նշեց նաեւ, որ կառուցապատողին փոխանցվելիք շուրջ 4.5 հեկտարի չափով տարածքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է 3 տարբեր ընկերությունների կողմից, վերջիններս այն գնահատել են միջինացված՝ 22 մլրդ 200 մլն դրամ: Թվային տեսքով ստացվում է, որ մայրաքաղաքը ստանալու է շուրջ 30 մլրդ 688 մլն դրամ:
Ինչ խոսք, տասնամյակներով ձգված խնդրի լուծման նախաձեռնությունն ու ջանքերն Ավինյանինն են, սակայն քաղաքային իշխանությունները լավ կանեն ապահովեն թափանցիկություն շինարարական աշխատանքների ընթացքում, հատկապես՝ մասնագիտական հանրույթի համար:
Հ.Գ մեր տեղեկություններով` վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ. մեզ հետ զրույցներում մասնագետները պնդում են, որ դա հիմնականում պայմանավորված է ապօրինի շինարարությունների դեմ պայքարով, երեւանցիներին պատկանող այգիների, մայթերի ու բակային տարածքների վերադարձմամբ։
Նույնիսկ քաղաքապետի նախկին քննադատներն են սկսել հրապարակավ գրառումներով գնահատել այս մոտեցումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ
«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։
Հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվե՞լ է վարույթ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ դիմումի կամ հաղորդման հիման վրա է այն հարուցվել։
3. Ի՞նչ հարցի շուրջ է վարույթը եւ ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում։
4. Ե՞րբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ հետեւյալ պատասխանը։
«Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի եւ զգայուն տվյալներ, հիմք ընդունելով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ վարույթի իրականացման ընթացիկ փուլում չեն կարող տրամադրվել»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Հանձնաժողովից օրաթերթին հորդորել են նաեւ հնարավորության դեպքում զերծ մնալ սույն վարույթի վերաբերյալ, մինչեւ դրա ավարտը, հրապարակում կատարելուց, իսկ օրենքով սահմանված կարգով՝ վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 29-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի բոլոր մանրամասներին, բայց զերծ կմնանք որեւէ հրապարակումից՝ սպասելով, որ ԿԿ հանձնաժողովը «պատժի» օմբուդսմենին:























