Ինչու են պաշտոնանկ արվել Զոհրաբ Մնացականյանն ու Կարեն Նազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն armlur.am-ի հետ զրույցում ՀՀ  ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ-ում ՀՀ արդեն նախկին ներկայացուցիչ Կարեն Նազարյանի աշխատանքից ազատվելը լավ նշան չի համարում:

«Կարեն Նազարյանին լավ չեմ ճանաչում, իսկ Մնացականյանը ԱԳ նախարարության փորձառու և բարեխիղճ պաշտոնյա է: Նրա աշխատանքը տեսել ենք թե´ ԵՄ-ում, թե´ ԵԽԽՎ-ում: Հետևաբար, ինձ համար անհասկանալի է` ինչու են այդ մարդիկ ազատվել աշխատանքից»,- ասաց Սաֆարյանը:

-Պրն. Սաֆարյան, Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելն արդյոք կարելի է բացատրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ` մասնավորապես ՀՀ-ն շուտով կանդամակցի Մաքսային միությանը, իսկ Մնացականյանը Եվրաինտեգրման գործընթացի կողմնակից է:

-Անկեղծ ասած, այդպես չեմ մտածում, քանի որ Սերժ Սարգսյանի ելույթները հիմք ընդունելով՝ Հայաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ հարաբերություններ հաստատելուց: Պետք է հասկանալ` ինչ է կատարվել ԱԳ նախարարության, այսպես ասած, ներքին խոհանոցում:

-Ռուսաստանը կապ ունի՞ այս պաշտոնանկությունների հետ:

-Զոհրաբ Մնացականյանը ընդամենը փոխնախարար էր: Ռուսաստանը լավ հասկանում է, որ նրանք լավ դիվանագետներ են և կատարել են ընդամենը նախագահի հանձնարարականը: Այսինքն` ինքնագլուխ նրանք չէին կարող երկրի արտաքին քաղաքական դաշտում ինքնագործունեություն ծավալել:  Մի տարբերակի մասին ևս կարելի է խոսել` Ղրիմի  հանրաքվեն տարօրինակ ընթացք ստացավ մեզ մոտ:

Հայտարարվել էր, որ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկելու, իսկ քվեարկության օրը Հայաստանը կողմ քվեարկեց ՌԴ-ի հետ միասին: Նույն կողմ քվեարկողը եղել է Կարեն Նազարյանը: Կարծում եմ` կարելի է  այստեղ ևս  ձեր հարցերի պատասխանը փնտրել: Այսինքն` ինչ-որ բան այնպես չի եղել Եվրաինտեգրման ու Ղրիմի հանրաքվեի հետ կապված:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ դժվար է ինչ-որ բան ասել, բայց առաջին հավանական վարկածը երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունն է:

«Հայաստանը գնում է Մաքսային միություն և եվրաինտեգրման գործընթացի հետ կապված հարցերը քիչ են հետաքրքրում»,- եզրափակեց Բոզոյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս