Armenian text to speach

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՆՎԵՐԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով մեկնել էր Սուրբ Աթոռ եւ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էր եղել  Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի էր ունեցել Լեւոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

 

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին  հանդիպել էին:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել էր բրոնզե խորաքանդակ՝ «Fratelli tutti» փորագրությամբ, որը նշանակում է «բոլորը եղբայրներ են»։

Նվերի արժեքը կազմել է 80 հազար 457 դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանը վերաբերող, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս