Երեկ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տներ։
Քննչական կոմիտեում հարուցվել է նոր քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ այս փուլում մամուլին մանրամասներ հաղորդել հնարավոր չէ։
Քննչական կոմիտեից ստացված տեղեկությամբ՝ Նարեկ Սամսոնյանին առաջադրվել է մեղադրանք խուլիգանության հոդվածով։ Մեղադրանքի հիմքում «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որի ընթացքում Սամսոնյանն ու Սաղաթելյանը կոշտ ձեւակերպումներով անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ օգտագործելով «անասուն» ձեւակերպումը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ Նարեկ Սամսոնյանը արդեն ձերբակալվել եւ տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Մելիքյանի ձեւակերպմամբ՝ գործը կրկին որակավորվում է «հին ու բարի խուլիգանության» հոդվածով։ Նա չի բացառել, որ նույն ընթացակարգը կարող է կիրառվել նաեւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։
Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ «Անտիֆեյք» հարթակի գրասենյակում եւս իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում առգրավվել է ողջ տեխնիկան։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննչական գործողությունների անվան տակ նպատակ կա տեխնիկան չվերադարձնել եւ գործընթացը ձգձգել՝ հետագայում խոչընդոտելով «Անտիֆեյք»-ի աշխատանքը ու անհնար դարձնելով հակաիշխանական կամ քննադատական բնույթի հաղորդումների նկարահանումը։
Ո՞ր արտահայտությունն է դարձել
ձերբակալման պատճառ
Վազգեն Սաղաթելյանը օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին (գրառումը ներկայացնում ենք գրեթե նույնությամբ). «Էդո ջան, նայի. ես ու Նարեկը կարող ենք լինել քֆուրչի, եթե կուզես՝ նաեւ խեղկատակ։ Դա պետական անվտանգության սպառնալիք չի, դա քո որակումն ա, որը նշածս համատեքստում չի ազդում որեւէ բանի վրա։ Բայց այ որ ձեր նման բարոյական որակներից զուրկ մարդիկ (հաշվի առնելով օրաթերթի բովանդակության էթիկական կողմը՝ բառը նույնությամբ չենք գրում) պատգամավոր են, հենց դա է ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք», – գրել էր Սաղաթելյանը։
Այս եւ այլ ոչ պատշաճ արտահայտությունները հիմք են դարձել, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում ներկայացնի «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների դեմ, ինչի հետեւանքով էլ նրանք ձերբակալվել են։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վազգեն Սաղաթելյանին՝ իր իսկ հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը պահանջել է, որ Սաղաթելյանը ներողություն խնդրի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 8-ին արված հայտարարությունների համար։
Ներողությունը պետք է հրապարակվեր հետեւյալ ձեւով.
«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից։
08.11.2025-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ հրապարակումները պարունակել են վիրավորական արտահայտություններ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։
Բացի դրանից՝ Սաղաթելյանը պարտավորվել է Ալեն Սիմոնյանին վճարել 2 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաեւ 530 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում։
Նշենք, որ մայիսի 2-ին դատարանը նույն «Իմնեմնիմի» գործով Սամսոնյանի եւ Սաղաթելյանի վերաբերյալ կայացրել էր արդարացման վճիռ՝ արձանագրելով, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։ Այն ժամանակ եւս ընդդիմադիր ակտիվիստներին իշխանության քննադատության համար մեղադրել էին խուլիգանության համար։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























