Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի եւ արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
Բիենալեն անցկացվելու է 2026 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։
Մրցութային հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկյանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը, որի համադրողներն են Թոնի Շաֆրազին եւ Թինա Շաքարյանը։
Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ եւ նորարարական ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են ամերիկյան եւ եվրոպական ցուցասրահներում։
Նախագծի համադրողներից Թոնի Շաֆրազին, ժամանակակից արվեստի մասնագետ է եւ հանդիսանում է աշխարհի մի շարք հեղինակավոր պատկերասրահների խորհրդատու եւ արվեստի գործակալ։ Թինա Շաքարյանը նույնպես զբաղվում է ժամանակակից արվեստով եւ կազմակերպել ու համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրի տարբեր պատկերասրահներում։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































