Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Երեկ «Սրբազան պայքարի» աջակիցների կողմից Արշակունյաց պողոտայում իրականացվում էր ակցիա։ Այս մասին տեղեկացանք «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից։
«ՈԳԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ Է ԴՈՒԽ-ԻՆ»,- նշված է գրառման մեջ։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ո՞ր դեպքերում է տրվում նման կենսաթոշակ:
Սուսաննա Իսահակյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
- զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,
- ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող
1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ 18 տարին լրանալը,
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 455 հազար 609: Այս թիվը, 2017թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է ավելի քանի 7 հազարով: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 312 հազար 798: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 307 հազար 68: Այսինքն` տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է 5 հազար 730-ով:
ՎՃԱՐՆԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիա ձեռք բերելը պարտադիր է, թե ոչ: Եթե այո, ապա ասեք, թե որքան է կազմում պետական տուրքի գումարը:
Տիգրան Մելքոնյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մելքոնյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:























