Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգվում է, սակայն որեւէ առաջընթաց չի նկատվում: Այդ կարծիքին է նրա փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս նախաքննություն է կատարվում. «Թե ինչ գործողություններ են կատարում, չգիտենք, ես բողոքարկել եմ, բայց իրենք ասում են, որ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացնում: Մենք դիտավորյալ որեւէ բան չենք անում, որ խոչընդոտ չհանդիսանանք, թող իրենք քննեն ու համոզվեն` մարդն արել է, թե ոչ, եթե ունեն ապացույց, թող բերեն»: Գեւորգյանի խոսքերով` իրենք դեռեւս սպասում են: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: Դրանից հետո Հովհաննես Թամամյանն ազատվեց աշխատանքից, իսկ մեկ ամիս անց նաեւ ձերբակալվեց: Թամամյանին մեղադրում են 2010 թվականի մայիսի 12-ին կատարված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործում պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
ԳՈՐԾԸ ԴՈՓՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ