Մոսկվայի արբիտրաժային դատարանը հայկական «Արմավիա» ընկերությունից մոտ 13,5 միլիոն ռուբլի է բռնագանձել՝ «Վնեշէկոնոմբանկի» հայցի հիման վրա:
Դրանով դատարանը մասնակիորեն բավարարել է բանկի հայցը, որը պահանջել էր ավիաընկերությունից մոտ 16,5 մլն ռուբլի բռնագանձել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դատարանում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ 2011-ի հունիսին ավիաընկերության կողմից լիզինգով երկու Sukhoi SuperJet-100 օդանավ ձեռք բերելու համար վարկ տրամադրելու նախագծի նախապատրաստման շրջանակներում կողմերը ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքել: Պայմանագրի համաձայն՝ ավիաընկերությունը պետք է փոխհատուցեր բոլոր ծախսերը:
Բանկը խորհրդատուների ծառայությունների համար վճարել է 14,8 մլն ռուբլի եւ հաշիվն ուղարկել ավիաընկերությանը: 2012-ին «Արմավիան» միայն 1 մլն ռուբլի է փոխանցել բանկին: Բանկն էլ դիմել է դատարան:
Իր հերթին, «Արմավիայի» ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք համաձայն չեն հայցի պահանջի հետ: Պատասխանող կողմը համարում է, որ բանկը խախտել է եզրակացությունը ներկայացնելու ժամկետը, որը կազմել է երեք ամիս առաջ: Բացի այդ, ծառայությունները պատշաճ կարգով չեն տրամադրվել: 2012-ին ավիաընկերությունը հրաժարվել է վարկի ստացումից:
«Արմավիան» հայտարարել է, որ հրաժարվում է արդեն շահագործվող օդանավից եւ երկրորդ օդանավից, որը «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը պատրաստվում էր վաճառել «Արմավիա» ընկերությանը:
«Արմավիան» հայտարարել է, որ 2013-ի ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ սնանկացման գործընթաց սկսում: