ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող «TAURUS» տեսակի (տրամաչափը՝ 6,35 մմ, սերիան՝ DUA-30491) զենքը մալելու գործողությունից ձեռնպահ մնալուն և այն չմալված վիճակում Արմեն Արտավազդի Ամիրյանին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով՝ զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։
Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























