ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2025 թվականին Երևան քաղաքի բնակիչն իրեն դիմած քաղաքացուն վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը անօրինական կերպով կազմակերպելու համար կաշառքի միջնորդության պատրվակով նրանից պահանջել և ստացել է գումար:
Մասնավորապես՝ վերը նշված բնակիչը, ի սկզբանե նպատակ չունենալով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, հիշյալ քաղաքացուն վստահեցրել է, որ որոշակի գումարի դիմաց կարող է կազմակերպել այդ գործընթացը:
Նախաքննությամբ պարզվել է, որ տեսական քննության հանձնման օրը՝ 2025 թվականի հուլիսին, հիշյալ քաղաքացին բանկային փոխանցման եղանակով գումարի մասը տրամադրել է Երևան քաղաքի բնակչին: Դրանից հետո վերջինս իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով քաղաքացուց ստացել է պահանջված գումարի մյուս մասը:
Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով ստացած գումարը Երևան քաղաքի բնակիչը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մյուս քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:























