Այսօր Խարկովի քաղաքագլուխ Գեննադի Կերնեսի դեմ մահափորձ է կատարվել:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: «Խարկովի քաղաքագլուխը հրազենից վիրավորվել է մեջքից: Այս պահին նա գտնվում է շտապ օգնության հիվանդանոցում՝ վիրահատական սեղանին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար», – ասվում է Խարկովի քաղաքային խորհրդի մամլո ծառայության հայտարարությունում:
Մարտի 13-ին Կիևի Պեչերսկի շրջանի դատարանը տնային կալանքի էր դատապարտել Գեննադի Կերնեսին` նրա դեմ հարուցված քրեական գործի հետ կապված: Խարկովի քաղաքագլխին մեղադրում են սպանության սպառնալիքի, կտտանքների և մարդկանց առևանգման մեջ:
Դատարանի որոշման համաձայն՝ ցերեկային ժամերին Կերնեսը կարող էր կատարել քաղաքի ղեկավարի իր պարտականությունները: Ինքը՝ Կերնեսը, հայտարարել էր, որ իրեն ներկայացված մեղադրանքները մտացածին են և հանդիսանում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի անձնական վրեժխնդրության արդյունք: Խարկովի կենտրոնում անցկացվել է Գեննադի Կերնեսի աջակցության հանրահավաք, որին մասնակցել են 10 հազար մարդ: