ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցումից հետո հերթով թեկնածուները ելույթով հանդես եկան: Խոսքով առաջինը հանդես եկավ Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց` ընտրվելու դեպքում ԱԺ-ում ամրագրված դրական ավանդույթները կպահպանի: Սահակյանը նաև հայտարարեց, որ հանձնաժողովների աշխատանքները բարձրացնելու է, քանի որ օրենսդիր աշխատանքը տեսնում է այնտեղ:
Ելույթից հետո Գալուստ Սահակյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս ասաց, որ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվելու, բայց շրջանառվող լուրերի համաձայն Գ. Սահակյանը ևս զբաղվում է բիզնեսով. նա գծատեր է: Արդյոք այս ամենի մասին Սահակյանը չի ցանկանում պարզաբանում ներկայացնել հանրությանը:
ԱԺ նախագահի թեկնածուն ասաց, որ օրենքն արգելում է պատգամավորին զբաղվել բիզնեսով, բայց օրենքը թույլ է տալիս լինել բաժնետեր: Ինչ վերաբերում է իր գծատեր լինելուն, Սահակյանն ասաց, որ ինքն ունի ընդամենը մեկ `քաղաքական գիծ: «Ես բիզնեսով չեմ զբաղվում, քանի որ դրանից ոչինչ չեմ հասկանում»,-ասաց Սահակյանը:
«Իսկ փորձել եք օգտագործել ձեր քաղաքական դիրքը բաժնետեր լինելու համար»- հարցրեց Լևոն Զուրաբյանը
«Ոչ, չեմ փորձել, տա աստված, որ դուք էլ,ես էլ, մեր ամբողջ ժողովուրդն էլ լինի բաժնետեր»,- պատասխանեց Սահակյանը`հավելելով, որ ինքը կփորձի պարզել` ով է այն պատգամավորը, որը բիզնեսով է զբաղվում, և ունի մանդատ:
Սոնա Դավթյան