ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի համար խորհրդարանում աշխատելը գնալով անտանելի է դառնում: Ամենայն հավանականությամբ, նա ԱԺ նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանի հետ յուրաքանչյուր շփումից հետո էլ ավելի է ափսոսում, որ ժամանակին Հովիկ Աբրահամյանի հետ ինքն էլ հրաժարական չտվեց` գոնե պատվով դուրս գալու համար: Իսկ Նիկոյանի ու Ղարիբջանյանի հարաբերություններն օր օրի սրվում են:
Պատճառն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ եղած ժամանակ Ղարիբջանյանն առավել քան մեծ լիազորություններ ուներ խորհրդարանում: Օրինակ` պաշտոնական արարողակարգային փաստաթղթերում Գեղամ Ղարիբջանյանն իր անունը գրել էր տալիս Հովիկ Աբրահամյանի անվան տակ: Եւ միայն Ղարիբջանյանի ազգանունից հետո էին գրվում ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու պատգամավորների անունները: Պատմում են, որ այդ փաստը մի օր լցրել էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի համբերության բաժակը: Եւ հարմար մի առիթով Հարությունյանը Ղարիբջանյանին կոպտել էր. «Դու ո՞վ ես, որ քո անունն ԱԺ պատգամավորներից առաջ ես գրում, դու պիտի լինես վերջինը: Սա հիմնարկ չէ, որ դու էլ ղեկավարն ես»: Բայց քանի դեռ Հ.Աբրահամյանն էր ԱԺ նախագահը, Ղարիբջանյանը մնացել էր անդրդվելի: Իսկ հիմա ԱԺ նախկին փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, ստանձնելով խոսնակի պաշտոնը, ձեռնամուխ է եղել պաշտոնական փաստաթղթերի այդ «սխալն» ուղղելուն: Ավելին, նա ոչ միայն կարգադրել է Ղարիբջանյանի անունը գրել ամենասովորական պատգամավորի անուն-ազգանունից հետո, այլեւ ասում են` գրեթե չի շփվում նրա հետ` գերադասելով հանձնարարությունները տալ քարտուղարուհու միջոցով: Նույնիսկ Ղարիբջանյանի` Նիկոյանի մոտ մտնելու փորձերը հաճախ ավարտվում են անհաջողությամբ, քանի որ Նիկոյանը լավագույն դեպքում նրան ընդունում է 5-10 րոպե սպասեցնելուց հետո: Այսինքն` ճիշտ այնպես, ինչպես Ղարիբջանյանն է շփվում իր ենթակաների` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալների հետ:
Նշենք, որ նա առավել քան մոտ է ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ (Համիկ) Մկրտչյանի հետ, որը գրեթե միշտ գլամուրային տրամադրությամբ է խորհրդարան հաճախում` դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ զանազան բույրերով: Թե պետական գնումների անվան տակ ինչ գործարքներ է անում այս զույգը, մնում է միայն կռահել: Եւ պատահական չէ, որ Համիկն իր սեփականություններն ավելացրել է եւս մեկ անշարժ գույքով. վերջերս գնել է ԵՊՀ-ի՝ Այգեձորում գտնվող նախկին շենքը: Նա ԱԺ համարներով միանգամից երկու մեքենա է վարում 011 oo 11 համարնանիշերով «Պորշե կայեն» եւ 066 oo 01 BMW:
Ղարիբջանյանն այս երեք տարիների ընթացքում երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել է օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվը: Այլ կերպ ասած` ծանոթներին նա աշխատանքի է ընդունել որպես իր օգնական կամ խորհրդական` ԱԺ երրորդ հարկում մեկական աշխատասենյակ էլ հատկացնելով նրանց: Այսպիսով` ԱԺ աշխատակազմի ղեկավարն ունի 2 տեղակալ, 3 խորհրդական, 4 օգնական, 1 ռեֆերենտ: Ըստ հավաստի լուրերի` Սամվել Նիկոյանը հրահանգել է պետական բյուջեի վրայից թեթեւացնել «օժանդակ անձնակազմի» բեռը, քանի որ ոչինչ չանելու դիմաց նրանք ոչ միայն աշխատասենյակ են զբաղեցնում, այլեւ պետական բյուջեից բավական լուրջ աշխատավարձ ստանում: Թեեւ դժկամությամբ, բայց Ղարիբջանյանը ձեռնամուխ է եղել իր նոր ղեկավարի հրահանգների կատարմանը. ԱԺ երրորդ հարկում այս շաբաթվանից արդեն սկսել են հերթով վերանալ Ղարիբջանյանի ռեֆերենտների ցուցանակները:
Ղարիբջանյանի հետ կապված մեկ ուշագրավ պատմություն էլ եղել էր նրա պաշտոնավարման սկզբնական շրջանում: Ինչ-որ խնդիրներ էին ծագել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դիվանագիտական անձնագրի հետ, քանի որ Ղարիբջանյանը հրաժարվել էր սպասարկել նրան: Արդյունքում Հայրապետյանն իրեն հարազատ մեթոդով էր լուծել խնդիրը` Հովիկ Աբրահամյանի ընդունարանում պարզապես ապտակելով Ղարիբջանյանին:
Բայց հետաքրքիր է, որ ԱԺ-ում իրեն տեր ու տիրական է զգում ոչ միայն Ղարիբջանյանը, այլեւ նրա վարորդը: Վերջինս էլ իր հերթին է ԱԺ ավտոպարկի վարորդների սենյակն իր համար հարմարավետ աշխատասենյակի վերածել: Այս համատեքստում պատահական չէ, որ Ղարիբջանյանը պետական համարանիշերով երկու մեքենա ունի. 081 oo 01 «Լեքսուս»-ը վարում է նրա դուստրը, իսկ ինքը վարում է 007 oo 01 «Տոյոտա Քեմրի»-ն: Պատահական չէ, որ իր նախընտրական ելույթում Նիկոյանը հայտարարել էր. «Կարծես թե մեզ մոտ ձեւավորվել է թյուր տպավորություն, որ ոչ թե ԱԺ աշխատակազմն է սպասարկում պատգամավորների աշխատանքը, այլ հակառակը: Այստեղ մենք ունենք անելիքներ»:
Հ.Գ. Եւս մեկ ուշագրավ հանգամանք. Ղարիբջանյանը տնտեսելու բավական լավ սովորություն ունի: Նա պահանջում է երեկոյան անջատել ԱԺ վերելակն ու միջանցքի լույսերը` բյուջեի գումարները տնտեսելու նպատակով: Բայց ահա երբ հերթը գալիս է իր աշխատանքային գործուղումներին, ինքնաթիռում ոչ միայն իր համար է բիզնես կարգի տոմսեր պատվիրում, այլեւ կնոջն ու երեխաներին է հաճախ տանում շրջագայությունների: Ղարիբջանյանը տնտեսում է նաեւ սեփական գրպանի փողերը: Օրինակ` նա ափսոսում է օրական 100 դրամ տրամադրել` գնելու «Ժողովուրդ» օրաթերթը: Եւ քանի որ մյուս կողմից էլ ինքն անձամբ չի իջնում ԱԺ գրադարան` թերթ կարդալու, պահանջում է, որ գրադարանի օրինակը բարձրացնեն իր մոտ: Առաջիկայում «Ժողովուրդ»-ը պատրաստ է մեկ անվճար օրինակ տրամադրել Ղարիբջանյանին` ԱԺ գրադարանի թերթերը հանգիստ թողնելու համար: Չպետք է խոչընդոտել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:
ԱԺ-ՈՒՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ