Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:
2024թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։

Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։
Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։
Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։

Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։


Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։





























