Armenian text to speach

Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան է մեկնել՝ Պուտինի հետ Մերձավոր Արևելքի պատերազմի շուրջ բանակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման հիմնական թեման լինելու է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։

Արաղչին հայտարարել է, որ այցի նպատակն է իրականացնել «անհրաժեշտ համակարգում»՝ հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանգ են առել։

Իրանական պետական լրատվամիջոցներին հղում անելով՝ AFP-ն հայտնում է, որ Արաղչին Ռուսաստանում հայտարարել է՝ ԱՄՆ-ն է պատասխանատու ապրիլի կեսերին Պակիստանում անցկացված բանակցությունների ձախողման համար։

Նրա խոսքով՝
«Չնայած որոշակի առաջընթացին, ԱՄՆ-ի մոտեցումները և չափազանցված պահանջները հանգեցրին նրան, որ բանակցությունները չհասան իրենց նպատակին»։

Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ունի համաշխարհային նշանակություն։ Նեղուցի փաստացի փակումը հակամարտության ընթացքում լուրջ խափանումներ է առաջացրել նավթի և գազի համաշխարհային մատակարարումներում։

Արաղչիի այցերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակում են մնալ փակուղում։ Երկու կողմերն էլ մերժել են միմյանց մի շարք պահանջներ։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր հատուկ ներկայացուցիչների՝ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների այցը Իսլամաբադ՝ նշելով, որ բանակցությունները «ոչ մի արդյունք չեն տալու»։

Մինչ Ռուսաստան մեկնելը Արաղչին հանդիպումներ է ունեցել Պակիստանի ռազմական ղեկավար Ասիմ Մունիրի, վարչապետ Շեհբազ Շարիֆի և ԱԳ նախարար Իշաք Դարի հետ։ Նա նաև այցելել է Օման, որտեղ քննարկվել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը։

Չնայած լարվածությանը՝ Իրանի Fars News Agency գործակալությունը հայտնում է, որ շարունակվում են ԱՄՆ–Իրան նոր բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Թեհրանը, միջնորդ Պակիստանի միջոցով, «գրավոր հաղորդագրություններ» է փոխանցել Վաշինգտոնին՝ ներկայացնելով իր «կարմիր գծերը»՝ կապված միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի հետ։

Միաժամանակ Axiosը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը նոր առաջարկ է ներկայացրել՝ նեղուցի վերաբացման և պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ Թեհրանը ցանկանում է միջուկային բանակցությունները տեղափոխել ավելի ուշ փուլ։

Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը՝ պնդելով, որ այն կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ Թեհրանը, իր հերթին, շարունակում է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ նպատակներ։

Անի Վարդանյան




Լրահոս