ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնկատար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 30-ին, ՀՀ Կառավարության նիստում կքննարկվի Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա Վանաձորի Պետական Համալսարան ստեղծելու հարցը:
Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բուհի առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Ինստիտուտը այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն մանկավարժական, նաև այլ ուղղություններով (թարգմանչական գործ, դեղագործական քիմիա, լրագրություն, սոցիալական աշխատանք, կառավարում և այլն):
ԲՈՒՀ-ի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել մարզի և քաղաքի հետագա զարգացման համար, առավել լայն սպասարկելով տարածաշրջանի տնտեսական և սոցիալական խնդիրները:
Համալսարանի գաղափարն իր բովանդակությամբ ենթադրում է գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների և դասավանդման սերտ զուգակցման, ինչպես նաև՝ վերջիններիս մեջ սովորողների ներգրավման նոր, ավելի բարձր մակարդակ և հետևաբար ներառում է տարածաշրջանի համար գիտական և մշակութային կենտրոնի գործառույթներ: