ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեղատնից գնել եմ բավականին թանկարժեք վիտամիններ: Պահանջել եմ 30 հաբ, վճարել եմ այդքանի դիմաց, եւ մտքովս չի էլ անցել տեղում հաշվել հաբերը, նոր դուրս գալ: Տանը տեսել եմ, որ դեղատանն ինձ 30-ի փոխարեն տվել են ընդամենը 15 հաբ: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ապացուցեմ, որ իմ պահանջածից քիչ են տվել:

Նարինե Սահակյան, 31 տարեկան, բանասեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ հավանական է` դեղատան աշխատակիցը հիշի, որ սխալ է տվել եւ մնացածն էլ տա:  Բայց ընդհանրապես դա դժվար ապացուցվող խնդիր է: Սա զուտ էթիկական հարց է, եւ եթե դեղատան աշխատակիցը նման քայլը բացառի, ապա սպառողը ոչինչ չի կարող անել, քանի որ ապացույց չունի: Միայն կարող եմ ասել, որ այս դեպքում վստահելու առումով աշխատակցի կողմից բարի կամքի դրսեւորում պիտի լինի: Հաճախ է նշվում, որ սպառողը միշտ իրավացի է, եւ նրանք էլ պիտի շարժվեն այդ սկզբունքով եւ, ամենակարեւորը, հարգեն գնորդի իրավունքները: Մեր խորհուրդն է սպառողին, որ այսուհետ տեղում համոզվի գնված ապրանքի քանակի եւ գումարի մեջ, որ հետագայում նման տիպի խնդիրներ չառաջանան: Դրա համար էլ իզուր չէ, որ այսօր շատ խանութներում փակցված է «դրամը հաշվել տեղում» զգուշացումը:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղի ունեցածի գլխավոր «մեղավորն» իհարկե գնորդն է, ով դժվար թե կարողանա ապացուցել վաճառողի սխալը: Եթե անհաջող գնումից շատ ժամանակ չի անցել, ապա միգուցե դեղատանն իսկապես բարի կամք դրսեւորեն եւ  Նարինե Սահակյանին վերադարձնեն նաեւ մյուս 15 դեղահաբերը: Դեղատները սովորաբար ՀԴՄ կտրոն էլ են տրամադրում, եւ տվյալ դեպքում գործարքի արժեքը խանութին ներկայացնելով`  հնարավոր է նաեւ այս կերպ ապացուցել ու շտկել տեղի ունեցած թյուրիմացությունը:




Լրահոս