Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Երևանում երեկ հայտարարեց, որ իրեն Հայաստանում « ինչպես տանն է զգում»՝ ընդգծելով ձևավորվող վստահության մթնոլորտը։
Երևանում անցկացվող «Yerevan Dialogue» համաժողովի շրջանակում Քըլըչը նշել է․
«Ես իսկապես այստեղ ինձ տանն եմ զգում, և իմ գործընկերներն էլ նույն զգացողությունն ունեն ամբողջ գործընթացի ընթացքում»,– ասել է նա՝ խոսելով ընթացող քննարկումների մեջ ձևավորված «ընկերության և փոխըմբռնման» մթնոլորտի մասին։
Միաժամանակ թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ներկայիս փուլը դեռ չի կարելի դիտարկել որպես լիարժեք կարգավորում։
«Մենք չենք կարգավորում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները։ Սա կարգավորման գործընթաց չէ, այլ վստահության կառուցման գործընթաց է։ Մենք փորձում ենք կառուցել վստահություն, որպեսզի կարողանանք արագ քայլերով հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,– նշել է նա։
Քըլըչի խոսքով՝ մինչ այժմ արձանագրված առաջընթացը նախկինում դժվար էր պատկերացնել։
Նա նաև կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը՝ հատկապես կապուղիների զարգացման համատեքստում՝ ընդգծելով, որ Հայաստան–Թուրքիա գործընթացը չի կարող դիտարկվել տարածաշրջանային զարգացումներից առանձնացված։
«Դուք չեք կարող առանձնացնել Հայաստան–Թուրքիա կարգավորման կամ վստահության կառուցման գործընթացը տարածաշրջանում կապուղիների զարգացման ընդհանուր ջանքերից»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով․ «Մենք չպետք է կապը դիտարկենք միայն ճանապարհների, երկաթուղիների և այլ ենթակառուցվածքների տեսանկյունից։ Կան ավելի կարևոր ոլորտներ»։
Քըլըչը առանձնացրել է հատկապես թվային ենթակառուցվածքներն ու ավիացիան՝ նշելով․
«Ինտերնետային կապերը շատ կարևոր են, ինչպես նաև տրանսպորտը և ավիացիան։ Արդեն ստորագրվել են համաձայնագրեր հայկական ընկերությունների հետ՝ հայ ժողովրդին ավելի լավ ինտերնետային ծառայություններ ապահովելու համար»։
Նա նաև կոչ է արել, որ խաղաղության և համագործակցության նախաձեռնությունները ձևավորվեն հենց տարածաշրջանի ներսում․
«Տարածաշրջանում հարաբերությունների զարգացման և երկարաժամկետ խաղաղության հաստատման ցանկացած գաղափար պետք է գա հենց տարածաշրջանից»։
Իսկ ո՞վ է Սերդար Քըլըչը
Սերդար Քըլըչը թուրք դիվանագետ է, որը վերջին տարիներին զբաղվում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով։
Նա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության երկարամյա դիվանագետներից է և նախկինում զբաղեցրել է տարբեր դիվանագիտական պաշտոններ։
Սերդար Քըլըչը իր մասնագիտական կարիերան սկսել է 1977 թվականին՝ Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունում։
1984 թվականին Քըլըչը սկսել է աշխատել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նրա առաջին նշանակումը եղել է Արևելյան Եվրոպայի և Ասիայի վարչությունում։
1987 թվականին նա նշանակվել է Քուվեյթում Թուրքիայի դեսպանատան երրորդ քարտուղար՝ կատարելով իր առաջին արտասահմանյան առաքելությունը։ 1989 թվականին Քըլըչը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելեսում զբաղեցնելով գլխավոր հյուպատոսի տեղակալի պաշտոնը։
1992 թվականին նա վերադարձել է Թուրքիա՝ շարունակելով ծառայությունը արտաքին գործերի նախարարությունում՝ որպես երկրորդ, ապա առաջին քարտուղար՝ Ծոցի և մահմեդական երկրների բաժնում։
2006-2008 թվականներին Քըլըչը ղեկավարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բաժինը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։
2008-2010 թվականներին նա եղել է Թուրքիայի դեսպանը Լիբանանում։ 2010-2012 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
2012-2014 թվականներին նա ծառայել է որպես Թուրքիայի դեսպան Ճապոնիայում, իսկ 2014 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մարտը՝ Թուրքիայի դեսպան ԱՄՆ-ում։
2021 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Քըլըչը նշանակվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Հիշեցնենք, որ Քըլըչի երկարամյա դիվանագիտական փորձի ֆոնին՝ հայկական կողմի ներկայացուցիչն է Ռուբեն Ռուբինյանը, ով իր քաղաքական կարիերան սկսել է հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսից զբաղեցնելով միանգամից ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
Անի Վարդանյան





























