ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի լուսաբանումը միջազգային մամուլում և անդրադառնում է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականում հրապարակված հոդվածին։
Հոդվածը հեղինակել են Քենեթ Ռոթը և Ֆիլիպ Կալֆայանը, որոնք ներկայացված են որպես Հայաստանում ժողովրդավարության դիտարկման միջազգային հարթակի անդամներ։
Հեղինակները նշում են, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Եվրոպան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ, սակայն այդ մոտեցումը, ըստ նրանց, կարող է հանգեցնել ժողովրդավարական գործընթացների թուլացման։
Հոդվածում հիշեցվում է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները վճռորոշ են երկրի ապագայի համար, իսկ սոցիոլոգիական տվյալներով՝ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է մոտ 20-30 տոկոս աջակցություն։ Միևնույն ժամանակ ընտրողների շուրջ 30 տոկոսը դեռևս անորոշ է։
Հեղինակները նաև պնդում են, որ ներքաղաքական մրցակցությունը կարող է բերել իշխանափոխության տարբեր սցենարների, քանի որ ընդդիմությունը հնարավոր է համախմբվի երկրորդ փուլում։
Նրանց գնահատմամբ՝ վարչապետ Փաշինյանը, բախվելով բարդ նախընտրական իրավիճակի, կիրառում է այնպիսի մեթոդներ, որոնք նրանք համեմատում են ավտորիտար կառավարման գործիքների հետ։ Հոդվածում նշվում են ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, քննադատ լրագրողների նկատմամբ գործողությունների, դատական համակարգի անկախության հարցերի և նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը միջամտելու մասին պնդումներ։
Հեղինակները զգուշացնում են, որ արտաքին աջակցության և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման նպատակով կարող է վտանգվել ներքին ժողովրդավարական հավասարակշռությունը։
Հոդվածը արտացոլում է արևմտյան որոշ փորձագիտական շրջանակներում առկա մտահոգությունը՝ այն մասին, որ աշխարհաքաղաքական նպատակները կարող են գերակայել ժողովրդավարական չափանիշներին։ EPC-ի և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները, ըստ այդ մոտեցման, դիտարկվում են ոչ միայն որպես արտաքին քաղաքական համագործակցություն, այլ նաև ներքաղաքական զարգացումների վրա ազդող գործոն։
Միաժամանակ սա ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ընտրական գործընթացները դարձել են միջազգային քաղաքական քննարկումների մաս՝ ընդգրկվելով նաև ԵՄ–Ռուսաստան մրցակցության լայն համատեքստում։
Անի Վարդանյան























