Armenian text to speach

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որը Պուտինին թույլ է տալիս զորք կիրառել այլ երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որը թույլ է տալիս զինված ուժեր կիրառել արտերկրում՝ «ռուսաստանցիների պաշտպանության» նպատակով։ Փաստացի, նոր օրենքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հնարավորություն է տալիս զորք մտցնել այլ երկրներ։

Պետդումայի փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը մշակվել է «օտարերկրյա դատարանների որոշումների հիման վրա Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման, քրեական կամ այլ հետապնդումների դեպքում նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե արևմտյան «արդարադատությունը» վերածվել է «ռեպրեսիվ մեքենայի՝ եվրոպացի պաշտոնյաների որոշումների հետ չհամաձայնողների դեմ»։ Նրա խոսքով՝ այս պայմաններում անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ արտերկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Կրեմլը նախկինում ևս «ռուսախոս բնակչության և Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության» թեզն օգտագործել էր որպես հիմնավորում՝ 2014 թվականին Ուկրաինայի արևելք ներխուժելու և Ղրիմը միակողմանիորեն բռնակցելու, ինչպես նաև 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկի ժամանակ։

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ նոր օրենսդրությունը նպատակ ունի հակազդել արտերկրում շարունակվող «ռուսաֆոբիայի արշավին»։

Նոր օրենքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացրել եվրոպական երկրներում, որտեղ արդեն երկար ժամանակ զգուշացնում են, որ Ռուսաստանը անմիջական ռազմական սպառնալիք է իր հարևանների համար։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող հրթիռային և անօդաչու հարձակումների ընթացքում ռուսական զինատեսակները մի քանի անգամ հատել են ՆԱՏՕ-ի տարածքը, ինչի հետևանքով եվրոպական երկրները սկսել են մեծացնել իրենց պաշտպանական հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, այս շաբաթ Շվեդիայի կառավարությունը հայտարարել էր, որ առաջ է մղելու արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար նոր հետախուզական ծառայություն ստեղծելու ծրագիրը, ինչը ևս պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով ձևավորված անվտանգության նոր իրավիճակով։

Անի Վարդանյան




Լրահոս