81 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 8-ին Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։ Նա եղել է նաև «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է որպես ռեժիսոր՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում։ Լավագույն բեմադրություններից են Վ. Դավթյանի «Ծիրանի ծառը», Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ա. Օստրովսկու «Կատաղի փողերը», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլ ներկայացումներ։
Նա դասավանդել է նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։ 1992-2004 թվականներին աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Այդ տարիների լավագույն բեմադրություններից են Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ. Պանյոլի «Տոպազ», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
Նիկոլայ Ծատուրյանը բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։
Նա նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժիսոր՝ Ա. Մանարյան)։ Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ եղել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2014 թվականից մինչ օրս նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն է։
Նրա լավագույն բեմադրություններից են Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգը», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս. Կոսյանի «Թռիչքը», Ու. Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկը» ներկայացումները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է վաստակաշատ ռեժիսորին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, նոր բեմադրություններ և ստեղծագործական ներշնչումներ։