Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը վերածվել է ոչ թե ծրագրային մրցակցության, այլ օտարերկրյա գործակալների մասին անհաջող պատմության, որտեղ քաղաքական պայքարը գնալով հեռանում է իրական քաղաքական բովանդակությունից։
Այս ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, սակայն իշխանությունը պայքարում է 3 ուժի դեմ, մյուսները՝ իշխանության՝ խառը հարվածներով:
Քարոզարշավ՝ օտարերկրյա գործակալների մասին
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեպքում շրջանառվում են տեղեկություններ ՌԴ քաղաքացիությունը չհայտարարագրելու վերաբերյալ, որի մասով, ինչպես հայտնի է, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարարի մակարդակով հերքվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստացի սուտը:
Նիկոլ Փաշինյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանին անվանել է օտարերկրյա գործակալ՝ վիրավորելով և սպառնալով նրան։ Կարապետյանն էլ իր հերթին հակադարձեց որ ամենամեծ գործակալը Փաշինյանն է:
Նույն տրամաբանության մեջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչել է այն միտքը, թե նրան ընտրողը, ընտրում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, իսկ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ ընկալվում է որպես Կրեմլի հին հավատարիմ և Վլադիմր Պուտինի ընկերը։
Ընդդիմադիր երեք ուժեն էլ իրենց հերթին Նիկոլ Փաշինյանին մեղդրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գործակալը լինելու մեջ: բայց այս մասով ոչ ԱԱԾ-ն, ոչ քննչականը որևէ քայլ չի ձեռնարկում թեեւ ՀՀ Անվտանգության դոկտրինում Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են նշված:
Նոր ուժեր և «փրկիչներ»
Այս ֆոնին հետաքրքիր խաղացողներ են հայտնվել ընտրական պրոցեսում հենց դրսից: Օրինակ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը, որը «բոլորին դեմ եմ» միավորի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ է սկսել քաղաքական պայքարը, երկար տարիներ ապրել է ՌԴ-ում: Իկոնոմովը հետո տեղափոխվել է Անգլիա, ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն և ամենաուշագրավը՝ ազգությամբ հույն է: Բայց հանձնառու է փրկել Հայաստանը և ՀՀ քաղաքացիներին:
Դոգը՝ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում անազատության մեջ, երկար տարիներ Հայաստանից փախած է եղել հալածանքների պատճառով, հայրենիքի փրկության գործընթացը առցանց է կազմակերպում։
«Փրկիչների» դաշտում ուժագրավը իհարկե Արտակ Սարգսյանն է: Նա ներկայանում է որպես Քենիայի նախկին փոխոստիկանապետ, եկել է Հայաստան մեծ խոստումներով, այդ թվում՝ ֆինանսական շռայլումների և մարդկանց իր շուրջ համախմբելու մասով։
Սակայն հետագայում պարզվե, որ ներկայացված խոստումների մեծ մասը չի իրագործում, թիմը ձևավորվելուց հետո արագ փլուզվել է, իսկ խոստացված ֆինանսական հոսքերը և մեր թշնամիներին ծնկի բերելու համար ենթադրյալ «վարձկանների» ներգրավման մասին պատմությունները մնացել են չիրականացված։
Նրա և եղբոր վերաբերյալ նաև շրջանառվել են քրեական բնույթի մեղադրանքներ՝ կապված խաբեության, ապօրինի զենքի և փողերի լվացման գործերի հետ։ Մի խոսքով՝ փրկիչը, որը փրկության և օգնության կարիք ունի:
«Եվրոպական ակտիվների» գույքային և քաղաքական բազան
«Փրկիչների» շարքում հիշատակվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը եղել է քաղաքապետ, սակայն նրա ունեցած անշարժ գույքի զգալի մասը գտնվում է Եվրոպայում՝ Չեխիայում, Ավստրիայում և այլ երկրներում։
Ռեֆորմիստների առաջնորդը ևս երկար տարիներ ընկալվել է որպես ռուսական ազդեցության կերպար, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, որը անակնկալ հետ կանչվեց և մնաց առանց պաշտոնի։ Նա էլ է հավալնում փրկել մեզ, բայց Սյունիքից կոնկրետ տարածքների ինքնակամ հանձնելու գործընթացը հետպատերազմական Հայաստանում շարունակում է մնալ նրա խղճին և պատասխանատվության գոտում:
Միևնույն ժամանակ «Հանրապետություն», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները հաճախ ներկայացվում են որպես արևմտյան ուժեր, որոնք, ըստ քաղաքական գնահատականների, իրականացնում են արևմտյան օրակարգեր Հայաստանում։
Այս դիրքորոշումը հակադրվում է ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի մեղադրանքներին, որոնք իրենց հերթին նույն մեղադրանքներն են հնչեցնում հակառակ ուղղությամբ։
Նույն պատկերում ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առանձնանում է քարոզչական մոտեցմամբ, որտեղ միայն մեկ հիմնական կերպար կա՝ Փաշինյանը, առանց այլ թեկնածուների պատկերների ակտիվ օգտագործման։ Նրանք էլ արևմտամետներին համարում են բարեկամ, ռուսական կողմնորոշում ունեցողներին՝ թշնամի, լրտես, անգամ կալանքի են տանում:
Եզրահանգում. ո՞վ ումից է փրկում մեզ
Այս ձևակերպումները ձևավորում են քաղաքական դաշտ, որտեղ մրցակցությունը հաճախ արտահայտվում է ոչ թե ծրագրերով, այլ արտաքին կենտրոնների հետ կապի մեղադրանքներով։
Այս ամենի ֆոնին հիմնական հարցը մնում է բաց՝ արդյո՞ք իրականում քաղաքական ուժերը ներկայացնում են գաղափարական և ծրագրային պայքար, թե՞ ընտրական գործընթացը վերածվել է փոխադարձ մեղադրանքների և «փրկիչների» մրցավազքի, որտեղ յուրաքանչյուր կողմ մյուսին ներկայացնում է որպես օտար կենտրոնների գործիք։
Եվ եթե բոլորը «փրկում» են երկիրը, ապա վերջում մնում է ամենապարզ հարցը՝ իրականում ո՞վ ումից է փրկում մեզ:
Սոնա Գրիգորյան, Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























