Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն, իսկ «Range Rover»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ռուզաննա Գրիգորյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր ժամը 05:30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված «Volkswagen»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






























