Armenian text to speach

Ոչ աշխատանքային օրեր սահմանել. Գեղամ Նազարյանը նոր նախագիծ է «բերել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում, որտեղ տնտեսության մրցունակության, արտադրողականության և աշխատուժի արդյունավետության մասին խոսակցությունները չեն դադարում, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որը կարող է հերթական անգամ բորբոքել հանրային քննարկումները։

Պատգամավորը առաջարկում է արմատապես վերափոխել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ այն ներկայացնելով որպես տարիների ընթացքում կուտակված «խառնաշփոթի» կարգավորման փորձ։ Սակայն նախագծի բովանդակությունը ցույց է տալիս, որ խոսքը միայն իրավական տեխնիկայի կամ հոդվածների վերադասավորման մասին չէ։

Նախագիծը նախատեսում է նոր տոների սահմանում, նոր հիշատակի օրերի ամրագրում, մարզային օրերի ներդրում, ազգային փոքրամասնությունների համար առանձին ոչ աշխատանքային օրերի սահմանում, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային դարձնել։

Առաջարկվող փոփոխությունների շարքում են Նավասարդի տոնի վերականգնումը, Հայ կինոյի օրվա սահմանումը, Մեսրոպ Մաշտոցի օրվա ընդգրկումը պետական օրացույցում և Երևանի ու մարզերի առանձին տոնական օրերի ամրագրումը։ Թեև այս նախաձեռնությունները մշակութային և ինքնության պահպանման տեսանկյունից կարող են դրական ընկալվել, հարց է առաջանում՝ արդյոք պետությունը պետք է այդ ամենը վերածի ոչ աշխատանքային օրերի քաղաքականության։

Հատկանշական է, որ նախագծի հիմնավորման մեջ խոսվում է սոցիալական հավասարակշռության, հանրային տրամադրությունների և զբոսաշրջության խթանման մասին։ Սակայն բաց է մնում գլխավոր հարցը՝ ի՞նչ ազդեցություն կունենան այս փոփոխությունները տնտեսության վրա։ Յուրաքանչյուր լրացուցիչ ոչ աշխատանքային օր պետական և մասնավոր հատվածների համար ունի իր գինը, իսկ այդ գնի մասին նախագծում մանրամասն հաշվարկներ առայժմ չեն ներկայացվում։

Արդյունքում, օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընկալվել ոչ թե պարզապես որպես տոնացույցի կարգավորում, այլ որպես Հայաստանի ոչ աշխատանքային օրերի համակարգի զգալի ընդլայնման փորձ։ Իսկ թե հասարակությունն ու գործարար համայնքը որքանով են պատրաստ նման փոփոխությունների, ցույց կտա առաջիկա քննարկումը։

Մինչ այդ մեկ հարց մնում է բաց․ արդյոք Հայաստանին այսօր ավելի շատ տոներ են պետք, թե՞ ավելի շատ աշխատանք։

Սոնա Գրիգորյան




Լրահոս