ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Գրիգորի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
Ասատուր Քոչարյանը ընդգրկված է «Հայաստան» դաշինքի համամասնական ընտրական ցուցակում՝ 154-րդ համարի ներքո։ Նրա վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ խնդրելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել և կիրառել ազատությունից զրկելու միջոց։
ArmLur.am-ի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ միջնորդությունները վերաբերում են միևնույն անձին, և դրանց քննարկումը նախատեսված է այսօր՝ ժամը 18:00-ին, ԿԸՀ նիստում՝ Երևանի Գ. Քոչարի 21ա հասցեում։
Փաստաթղթերում նշվում է, որ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդությունը կազմված է 10 էջից, կից՝ 90 էջ նյութերով, իսկ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը՝ 12 էջից, կից՝ 90 էջ նյութերով։
Միջնորդությունների քննարկմանը մասնակցելու համար գործին ներգրավվել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ։
Նշենք, որ մինչ այս պահը պաշտոնապես չի հրապարակվել, թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդությունները, քանի որ ոչ ԿԸՀ-ն, ոչ էլ դատախազությունը այդ մասով մանրամասներ չեն ներկայացնում։
Անի Վարդանյան





























