Armenian text to speach

Ադրբեջանցի պաշտոնյաները վերադարձի նոր պահանջներ են հնչեցնում Նախիջևանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» III կոնգրես-փառատոնի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձը պետք է իրականացվի։

Կոնգրեսի շրջանակում ելույթ ունեցած «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ Նախիջևանում միջոցառման անցկացումը հատուկ ուղերձ է Հայաստանին։

Նրա խոսքով՝․«Մեր պատմական հողերից տեղահանված արևմտյան ադրբեջանցիների կրած ողբերգությունների ականատեսն է եղել նաև Նախիջևանը։ Այդ պատճառով միջոցառման հենց այստեղ անցկացումը կարևոր ուղերձ է մյուս կողմին։ Այս միջոցառումները մեր հայրենակիցների՝ իրենց նախնիների հողեր վերադառնալու նկատմամբ վստահության և վճռականության արտահայտությունն են»։

Ալեքբերլին հայտարարել է նաև, որ «Արևմտյան Ադրբեջանի» տարածքներում ադրբեջանցիները դարեր շարունակ ստեղծել են մշակութային ժառանգություն, և, ըստ նրա, այդ մարդկանց վերադարձը «մարդու հիմնարար իրավունք է»։

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են ճանաչել այդ «վերադարձի իրավունքը», սակայն հավելել է.

«Իլհամ Ալիևի ստեղծած նոր իրողությունները ցույց են տալիս, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձն անխուսափելի է։ Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի այս իրականությունը և պայմաններ ստեղծի, որպեսզի մեր հայրենակիցները խաղաղության և փոխըմբռնման պայմաններում վերադառնան իրենց հայրենի հողերը»։

Նա նաև հայտարարել է, որ իրենք ցանկանում են վերադառնալ «խաղաղ ճանապարհով» և չեն ցանկանում նոր պատերազմ, սակայն, ըստ նրա, Հայաստանը պետք է համաձայնի «արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձին»։

Հատկանշական է, որ այս հայտարարությունները հնչել են հենց «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» III կոնգրես-փառատոնի ընթացքում, որը հունիսի 18-19-ին անցկացվում է Նախիջևանի Օրդուբադ քաղաքում և ամբողջությամբ նվիրված է այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» օրակարգին։

 




Լրահոս