Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նախիջևանում տված ծավալուն հարցազրույցում ներկայացրել է տարածաշրջանային իր նոր ռազմավարությունը՝ ուղղակի պահանջներ ու սպառնալիքներ հղելով Հայաստանին։ Ալիևը հստակեցրել է, որ Բաքուն Նախիջևանը, Արցախն ու, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրը» դիտարկում է որպես մեկ միասնական աշխարհագրական, տնտեսական և վարչական տարածություն։
ArmLur.am-ը ներկայացնում է կարևոր ուղերձները։
«Զանգեզուրի միջանցք» և TRIPP նախագիծ․ Թրամփի հետ քննարկումները
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (TRIPP նախագծի) իրականացումն անշրջելի փուլ է մտել։ Ալիևի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք վստահություն է հայտնվել, որ նախագիծը շուտով կյանքի է կոչվելու։ Ըստ Բաքվի հաշվարկների՝ Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց երկաթգծի շինարարությունը պետք է մեկնարկի հենց այս տարի, իսկ ադրբեջանական կողմը պատրաստվում է վերականգնել Նախիջևանի 194 կիլոմետրանոց հատվածը՝ թողունակությունը հասցնելով տարեկան 15 միլիոն տոննայի։ Նա նաև առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևավորում՝ պայմանով, որ վերահսկիչ փաթեթը պատկանելու է Ադրբեջանին։
Էներգետիկ ճնշում Հայաստանի վրա և Մեծամորի ԱԷԿ-ի թիրախավորում
Զուգահեռաբար Ալիևն առաջ է մղում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու ծրագիրը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի, Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Այս համատեքստում նա հերթական անգամ թիրախավորել է Հայկական ատոմակայանը՝ հայտարարելով, թե Մեծամորի ԱԷԿ-ը «հնացած է և վտանգավոր»։ Ադրբեջանի նախագահը բացահայտ նշել է, որ ԱԷԿ-ի հնարավոր փակումից հետո Հայաստանը հայտնվելու է էներգետիկ ճգնաժամում, ուստի Երևանը պետք է շտապի ինտեգրվել ադրբեջանական էներգետիկ ցանցին։
Նախիջևանի, Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վարչական միավորումը
Ալիևն ուշադրություն է հրավիրել Նախիջևանի կառավարման նոր համակարգին՝ շեշտելով, որ այնտեղ ներդրվում է նույն հատուկ ներկայացուցչության մոդելը, ինչ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում»։ Նրա խոսքով՝ պահպանելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պաշտոնական կարգավիճակը, Բաքուն կառուցվածքային ու կադրային բարեփոխումների միջոցով փաստացի մեկ միասնական կառավարման շղթայի մեջ է միավորում այս երեք տարածաշրջանները՝ օգտագործելով օկուպացված Արցախում կիրառված վարչական մեխանիզմները։
Ռազմական սպառնալիքներ և Նախիջևանի ամրապնդում
Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Նախիջևանում տեղակայված Առանձին համազորային բանակի վերազինումը ժամանակակից տեխնիկայով և Հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորումը։ Նա հստակեցրել է, որ Նախիջևանը դիտարկվում է ոչ միայն որպես տարածաշրջանային առանցքային տրանսպորտային ու էներգետիկ հանգույց, այլև որպես Հայաստանի դեմ ուղղված ռազմավարական առաջնագիծ։
Անի Վարդանյան























































































