«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ ինքը չի շնորհավորելու կառավարության նոր եւ վերանշանակված նախարարներին, այդ պահին դեռեւս արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը որոշեց իր ոճի մեջ հակադարձել անեկդոտով. «Մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված` բոլորի կողմից, բացի Վալոդից»: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն` որպես արդարադատության նախարար»: Մի փոքր անց, հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս դրվագը ոչ այնքան զվարճալի է, որքան ցավալի: Փաստորեն նախարարը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության տեսակետը՝ անեկդոտներով համեմված, բայց դեռ չգիտի, որ արդեն գործազուրկի կարգավիճակ ունի: Ինչպես երեւում է՝ հատկապես Հրայր Թովմասյանը լավ չէր սերտել Ֆրանսիական հեղափոխության դասերը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարարի նշանակումից թերեւս անհանգստանալու խնդիր ունի ՀՅԴ-ն, քանզի Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ այն պահից, երբ հանեց իր նախարարական կոստյումը, արժանի հակահարված է հասցնելու Արմեն Ռուստամյանի հնչեցրած տհաճ գնահատականին: Կոստյումը չկա: Տեսնենք՝ ինչ է անելու Հրայրը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: