Շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը հրահրում է Լիբանանի կառավարության տապալումը՝ Իսրայելի հետ համաձայնագրի իրականացումը խաթարելու համար: Այս հայտարարությունն արել է նախագահ Ջոզեֆ Աունը՝ դատապարտելով շիաների փողոցային բողոքի ակցիաների կոչերը։
«Նման գործողությունները օրինական իշխանությունների դեմ անընդունելի են. դրանք անցնում են կարմիր գծերը», – ասել է Աունը, ըստ նրա գրասենյակի: «Նրանք («Հըզբոլլահը») դա անում են, քանի որ մերժում են Լիբանանի պետության ինքնիշխան որոշումը՝ Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը իրանա-ամերիկյան բանակցային գործընթացից առանձնացնելու վերաբերյալ»։
Պետության ղեկավարի խոսքով՝ «Հըզբոլլահը» գործում է Իրանի հրահանգով և դիտավորյալ խեղաթյուրում է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի էությունը։
«Շրջանակային համաձայնագիրը չի օրինականացնում Իսրայելի օկուպացիան, այլ Լիբանանի բանակին հնարավորություն է տալիս տարածել իր վերահսկողությունը ամբողջ երկրում», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Աունի խոսքով՝ «ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել բանակի դերը, որը լիովին կկատարի իր պարտադրված խնդիրը՝ ապահովել կայունությունը Լիբանանի հարավում իսրայելական զորքերի դուրսբերումից հետո»։
Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ ԱՄՆ հովանու ներքո Վաշինգտոնում անցկացված հինգ փուլերի բանակցություններից հետո։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը աստիճանաբար կվերականգնեն «երկրի ամբողջ տարածքի նկատմամբ արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը»։ Ոչ կառավարական խմբավորումները կզինաթափվեն, իսկ նրանց ռազմական ենթակառուցվածքները՝ կապամոնտաժվեն, ինչը կհարթի ճանապարհը իսրայելական զորքերի հարավային Լիբանանից դուրսբերման համար։


















































































