armlur.am-ը պարզեց, որ«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի մի մասն արդեն սկսել է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց:
Բանն այն է, որ լրագրողների հարցերին անկեղծ պատասխանելու համար նրանցից մի քանիսին կառավարության ներկայացուցիչները «նեղացնում են»: Այդ պատճառով էլ տուժած քաղաքացիները խուսափում են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Տոնուս»-ից խաբված բնակիչները մոտ օրերս հանդիպել են «Արցախբանկ»-ի ներկայացուցչի հետ, սակայն անարդյունք:
«Ասացին՝ սպասեք, նորություն չկա: Ասացին էսքան սպասել եք մի քիչ էլ սպասեք: Հիմա էլ՝ պատճառաբանում են, թե կառավարությունը նոր է ձեւավորվում, դրա համար էլ ամեն ինչ անորոշ է»,- armlur.am-ի հետ զրույցում դժգոհեցին «Տոնուս»-ից տուժած բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը, որն էլ շենքը կառուցելուց հետո այն գրավադրել է «Արցախբանկ»-ում, բնակարանները մնացել են բանկին, իսկ ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Սյունէ Համբարձումյան