Armenian text to speach

Էրդողան-Թրամփ հանդիպման օրակարգում կլինեն նաև Հարավային Կովկասն ու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և «Զանգեզուրի միջանցքը»։

Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ պատասխանելով գործակալության Թուրքիայի բյուրոյի հարցերին։

Յըլմազի խոսքով՝ Էրդողան-Թրամփ բանակցությունների օրակարգում, տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի, ընդգրկված կլինի նաև Հարավային Կովկասի թեման։

«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծվել են։ Այժմ մենք գտնվում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը շատ մոտ փուլում»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկը լինելու է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ Մենք ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային ուղին ավելի հզոր դառնա»,- ընդգծել է Յըլմազը։

Թուրքիայի փոխնախագահը հավելել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։

«Այս հարցում մենք Միացյալ Նահանգների հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով էլ բնական է, որ Հարավային Կովկասի թեման կքննարկվի Էրդողան-Թրամփ հանդիպման ընթացքում»,- նշել է Ջևդեթ Յըլմազը։

Անի Վարդանյան




Լրահոս