Armenian text to speach

Ֆրանսիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերը երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 22-ին ընդունել է օրենք, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։ Այսպիսով, Ֆրանսիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը նման տարիքային սահմանափակում է սահմանում։

Օրենքն ստացել է պատգամավորների ճնշող մեծամասնության աջակցությունը և նախաձեռնության հիմնական պաշտպաններից է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մոտ օրերս կստորագրի այն։

«Սոցիալական ցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար կարգելվեն արդեն այս ուսումնական տարվանից»,- X-ի իր էջում գրել է Մակրոնը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին օրենքի ընդունման համար։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ «երեխաների և դեռահասների ուղեղը վաճառքի ենթակա չէ», իսկ նրանց զգացմունքները չպետք է դառնան ո՛չ ամերիկյան հարթակների, ո՛չ էլ չինական ալգորիթմների մանիպուլյացիայի առարկա։

Նոր օրենքը նախատեսվում է կիրառել արդեն սեպտեմբերից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչպես են սոցիալական ցանցերը ստուգելու օգտատերերի տարիքը։ Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է ներդնել տարիքային ստուգման համապատասխան մեխանիզմներ։

Օրենքի կատարումը վերահսկելու է Ֆրանսիայի տեսալսողական և թվային հաղորդակցության կարգավորող մարմինը՝ Arcom-ը։ Սահմանափակումը տարածվելու է բոլոր խոշոր սոցիալական հարթակների վրա։

Arcom-ի տվյալներով՝ Ֆրանսիայում 12-17 տարեկան դեռահասներն օրական միջինը 1 ժամ 21 րոպե են անցկացնում TikTok-ում։ Կարգավորող մարմնի գնահատմամբ՝ հարթակի առաջարկությունների ալգորիթմը հաճախ տարածում է առավել ծայրահեղ բովանդակություն՝ դեռահասներին ենթարկելով անհանգստություն և հոգեբանական վնաս պատճառող տեսանյութերի շարունակական հոսքի։

Ֆրանսիան այս հարցում հետևում է Ավստրալիայի օրինակին, որը 2025 թվականին աշխարհում առաջինն արգելեց մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։ Նմանատիպ սահմանափակումներ նախատեսում են նաև Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Հունաստանը և Դանիան։

Միաժամանակ, իրավապաշտպաններն ու փորձագետները նշում են, որ միայն արգելքը բավարար չէ։ Նրանք կոչ են անում սոցիալական ցանցերին հրաժարվել կախվածություն առաջացնող և մանիպուլյատիվ գործիքներից, իսկ երեխաներին՝ ավելի արդյունավետ թվային կրթություն ապահովել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ վերջերս հայտարարել էր, որ «սոցիալական ցանցերը խաղալիք չեն» և կոչ արել սահմանել երեխաների տարիքին համապատասխան պաշտպանական մեխանիզմներ։

Անի Վարդանյան



Լրահոս