Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է.
«Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։ Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։ Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։ Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով»։




























