Armenian text to speach

Ավելի քան 20 մլն դրամ եկամուտ և հիփոթեքով բնակարան․ ո՞վ է Տիգրան Խաչատրյանի խորհրդականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, ինչ ճանապարհ է անցել պետական և հանրային ոլորտներում և ինչ գույք, եկամուտներ ու ֆինանսական միջոցներ է հայտարարագրել։

Աննա Գասպարյանը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայում։ Նա կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորումներ՝ գերազանցության դիպլոմներով։ 2019-2020 թվականներին ուսումը շարունակել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում՝ զարգացման կառավարման մագիստրոսի ծրագրում, որը նույնպես ավարտել է գերազանցությամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է կրթական և հակակոռուպցիոն ծրագրերում, այնուհետև աշխատել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամում, ՓՄՁ ԶԱԿ-ում, ՏՀԶԿ-ին կից MOPAN ցանցում և Եվրասիա համագործակցություն հիմնադրամում։ 2021 թվականի հոկտեմբերից Գասպարյանը զբաղեցրել է փոխվարչապետների խորհրդականի պաշտոնը՝ նախ Սուրեն Պապիկյանի, ապա Համբարձում Մաթևոսյանի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 21-ից՝ Տիգրան Խաչատրյանի։

Ի՞նչ ունեցվածք ունի Աննա Գասպարյանը

Աննա Գասպարյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա անունով անշարժ գույք գրանցված չէ։ Տարվա ընթացքում ևս նա անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել։

Միևնույն ժամանակ, հայտարարագրում նշված է, որ Գասպարյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի։Նրա անունով ավտոմեքենա նույնպես չկա։ Տարվա ընթացքում մեքենա ձեռք չի բերել կամ օտարել։

Տարվա սկզբում Աննա Գասպարյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 3 հազար 226 դրամ, իսկ տարվա վերջին՝ 4 մլն 935 հազար 540 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները նույնպես աճել են․ եթե տարվա սկզբում նա հայտարարագրել էր 400 հազար դրամ, ապա տարեվերջին կանխիկ գումարը կազմել է 600 հազար դրամ։

20 մլն դրամից ավելի եկամուտ

2025 թվականի ընթացքում Աննա Գասպարյանը հայտարարագրել է ընդհանուր 20 մլն 53 հազար 143 դրամի եկամուտ։

Դրանից 17 մլն 792 հազար 382 դրամը ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Եվս 2 մլն 260 հազար 761 դրամ ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։

24.5 մլն դրամի վարկ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 24 մլն 554 հազար 207.1 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը բնակարանն է։

Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 171 հազար դրամ։

Այսպիսով, Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը 2025 թվականի վերջին իր անունով անշարժ գույք և ավտոմեքենա չի ունեցել, սակայն փաստացի օգտագործել է Արաբկիրում գտնվող բնակարան։ Նրա բանկային հաշիվներում եղել է մոտ 4.9 մլն դրամ, կանխիկ՝ 600 հազար դրամ, գնել է հիփոթեքով տուն։ Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 20 մլն դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս