Armenian text to speach

38.7 մլն դրամ եկամուտ, BYD, Mazda․ ինչ ունեցվածք ունի արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ ներկայացնելով նաև, թե ով է նա և ինչ ճանապարհ է անցել մինչև պետական համակարգում նոր պաշտոն ստանձնելը։

Օկսաննա Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի փետրվարի 25-ին։

Նրա աշխատանքային գործունեությունը մինչ այդ հիմնականում կապված է միջազգային կազմակերպությունների, բրիտանական դիվանագիտական կառույցների և ծրագրերի կառավարման հետ։

Ով է Օկսաննա Աբրահամյանը

2024-2025 թվականներին Աբրահամյանը եղել է «Միլենիում Փարթներս»-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի Գլոբալ պատասխանատվության ծրագրի և «Դիմադրող հաստատություններ» ռազմավարական կոռուպցիայի դեմ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն։

Մինչ այդ՝ 2017-2024 թվականներին, աշխատել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում՝ որպես ծրագրերի ղեկավար։

2016-2017 թվականներին նույն կառույցներում զբաղեցրել է ծրագրերի պատասխանատուի պաշտոնը։

Աբրահամյանը նաև տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։ Ավելի վաղ՝ 1990-1995 թվականներին, սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։

2017-2018 թվականներին սովորել է Լոնդոնի City and Guilds ինստիտուտում և Մեծ Բրիտանիայի կառավարության Դիվանագիտական ակադեմիայում։

38.7 մլն դրամի եկամուտ

2025 թվականին Օկսաննա Աբրահամյանը հայտարարագրել է ընդհանուր 38 մլն 705 հազար 964 դրամի եկամուտ։

Դրանից 16 մլն 673 հազար 6 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից նա ստացել է 7 մլն 167 հազար 865 դրամի այլ եկամուտ, ինչպես նաև նույն բանկից՝ 4 մլն 500 հազար դրամի փոխառություն։

Հայտարարագրում նշված է նաև 1 մլն 756 հազար 900 դրամի եկամտային հարկի վերադարձ։

Արդշինբանկից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 773 հազար 387 դրամ։

Բացի այդ, «Միլենիում Փարթներս Քոնսալթինգ»-ից քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում Աբրահամյանը ստացել է 21 հազար 150 ԱՄՆ դոլար։

Երկու անշարժ գույք

Աբրահամյանի հայտարարագրում առկա է երկու անշարժ գույք՝ երկուսն էլ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում։

Դրանցից մեկը բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող գույք է, որը պատկանում է նրան միանձնյա սեփականության իրավունքով և ձեռք է բերվել 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նվիրատվությամբ։

10.2 մլն դրամանոց BYD և Mazda

2025 թվականի ընթացքում Աբրահյանը ձեռք է բերել BYD մակնիշի ավտոմեքենա։ 2025 թվականի արտադրության մեքենան նա գնել է հոկտեմբերի 3-ին՝ 10 մլն 200 հազար դրամով։ Գործարքի մյուս կողմը «ԳՈԼԴ-ՖԼՈՒՐ» ՍՊԸ-ն է։

Տարվա վերջում նրա անունով առկա է եղել նաև 2015 թվականի MAZDA մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել 2020 թվականի հուլիսի 30-ին։

Այսպիսով, տարվա վերջում պաշտոնյան ունեցել է երկու ավտոմեքենա՝ BYD և MAZDA։

40 հազար դոլարի և 9 մլն դրամի պարտատոմսեր

Աբրահամյանը 2025 թվականի դեկտեմբերին ձեռք է բերել նաև պարտատոմսեր։

Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին նա գնել է 9 մլն դրամի, իսկ դեկտեմբերի 22-ին՝ 40 հազար ԱՄՆ դոլարի պարտատոմսեր։ Երկու գործարքների մյուս կողմը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։

Տարվա վերջում պարտատոմսերի արժեքը նույնն է մնացել՝ 9 մլն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար։

Միլիոնավոր դրամներ՝ բանկային հաշիվներում և կանխիկ

Տարվա վերջում Աբրահամյանի բանկային հաշիվներում առկա են եղել մի քանի դրամային և դոլարային մնացորդներ։ Դրանցից ամենախոշոր դրամային մնացորդը կազմել է 2 մլն 341 հազար 636 դրամ, իսկ առանձին ավանդի մնացորդը տարվա վերջում հասել է 2 մլն 659 հազար դրամի։

Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբում նա հայտարարագրել է 9 մլն 135 հազար դրամ, 24 հազար 200 ԱՄՆ դոլար և 7 հազար 300 եվրո։

Տարվա վերջում կանխիկ գումարը կազմել է 8 մլն 570 հազար դրամ, 22 հազար 300 ԱՄՆ դոլար և 5 հազար 400 եվրո։

Վարկի մնացորդը՝ 42.9 մլն դրամ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Օկսաննա Աբրահամյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 956 հազար 442 դրամ։

Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ընդհանուր 11 մլն 327 հազար 223.7 դրամ։

Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի 2025 թվականի հայտարարագրում, բացի 38.7 մլն դրամ ընդհանուր եկամտից, առկա են երկու ավտոմեքենա՝ BYD և Mazda, երկու անշարժ գույք, 40 հազար դոլարի և 9 մլն դրամի պարտատոմսեր, ինչպես նաև զգալի դրամային և արտարժութային կանխիկ միջոցներ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս