ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 21-22-ը կնոջ հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացնելու ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի համագործակցության 4-րդ նիստը: Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Պուտինն ու Էրդողանը, բացի երկու երկրների միջեւ տնտեսական եւ այլ կարգի փոխհարաբերություններից, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերից, զրուցել են նաեւ Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարի մասին: Թեեւ Թուրքիան Եվրամիության հետ մաքսային ընդհանուր խաղի կանոններ ունի, այնուամենայնիվ, կողմերը փորձել են հասկանալ, թե ինչպես է հնարավոր համագործակցել նաեւ Մաքսային միության հետ՝ ունենալով ՄՄ ապագա անդամ հարեւան երկիր՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության:

ԱՐԴԵՆ ՇԱՆՏԱԺ ԵՆ ԱՆՈՒՄ

Սայաթ-Նովայի 10 եւ 15 հասցեների բնակիչների շահերի պաշտպան Ալբերտ Կանդալյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե «Լարկո գրուպ» կազմակերպությունը փորձում է սպառնալիքների միջոցով վախեցնել այդ շենքերի բնակիչներին: «Փաստաբանի միջոցով բնակիչներին փոխանցել են այդպիսի պահանջ, որ եթե դուք պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները, մենք ձեզանից կպահանջեք հազարավոր դոլարներ»,-ասել է փաստաբանը: Փաստորեն, ինչպես եւ կանխատեսել էինք, Կոմիտասի 5-ի դեպքում բնակիչներին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու մասին դատարանի կայացրած անհեթեթ որոշումը դառնում է վտանգավոր նախադեպ` ճնշելու համար իրենց շահերին հետամուտ լինող բնակիչներին:

ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Այս պահին «Սադախլո» մաքսային անցակետում դեռ շարունակում է կանգնած մնալ հայկական կարտոֆիլով բեռնված 12 մեքենա: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ երեկ 14 մեքենայից երկուսն անցել են սահմանը, իսկ մյուս 12-ը դեռ սպասում են: Հիշեցնենք, որ նախօրեին «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 350 տոննա կարտոֆիլով բեռնված 14 մեքենա է մտել Վրաստան:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ անցակետում զննման ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի՝ Ralstonia solanacearum (գորշ փտում) վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ: Յուրաքանչյուր բեռնատարից վրացական կողմը նմուշառում էր իրականացրել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության. այժմ հայկական կարտոֆիլով բեռնված մյուս 12 մեքենաները սպասում են փորձաքննության պատասխաններին: Ու եթե պարզվի, որ այս խմբաքանակն էլ է վարակված, հայկական կարտոֆիլը փորձաքննություն կանցնի երրորդ երկրում՝ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնությունում:




Լրահոս