Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Գոլանի բարձունքները զիջել Իսրայելին, և որ դրանք կմնան Սիրիայի պետական տարածք։
«Մեր պետության ինքնիշխանությունը խախտելու, միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։ Գոլանի բարձունքները կմնան Սիրիայի տարածք»,- ասել է նա։
Ալ Շարաան նաև քննադատել է Իսրայելի կողմից Սիրիային ուղղված շարունակվող հարվածները. «Մենք դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը»։ Նրա խոսքով՝ իսրայելցիները վերջերս Սիրիայում իրականացրել են «500 ավիահարված, ավելի քան 1200 ներխուժում և 300 ձերբակալություն (սիրիացիների)»։
Գոլանի բարձունքները Մերձավոր Արևելքում վիճելի տարածք է, որը գտնվում է Սիրիայի հարավում և Իսրայելի հյուսիսում։ 1974 թվականին երկրները համաձայնագիր են ստորագրել, որով որոշվել է Իսրայելի և Սիրիայի միջև ներկայիս սահմանն այս տարածքում, բայց այդ ժամանակից ի վեր կողմերը բազմիցս հարվածներ են փոխանակել։
ՄԱԿ-ը պնդում է, որ սարահարթը սիրիական տարածք է, որը գտնվում է Իսրայելի ռազմական օկուպացիայի տակ, և նախկինում 1981 թվականի անեքսիան հայտարարել էր «անվավեր»։
Հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կրկին ընդգծել էր, որ Գոլանի բարձունքները Սիրիայի մաս են կազմում՝ Իսրայելի օկուպացիան անվանելով «բացարձակ անընդունելի»։




























